Գրիպով հիվանդի թեյի մեջ չի կարելի կոնյակ կամ օղի ավելացնել. լիբանանահայ բժիշկ
Լիբանանահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանն «Արևելքի» հետ զրույցում, կարևորելով սուր շնչառական վարակները հաղթահարելու հարցում ժողովրդական միջոցների դերը, նշել է, որ այնուամենայնիվ կան սխալներ, որոնք մարդիկ թույլ են տալիս՝ գրիպով հիվանդանալուց հետո:
Ըստ նրա, սխալ է տարածված այն կարծիքը, թե գրիպով հիվանդին տրվող թեյի մեջ օղի կամ կոնյակ ավելացնելը կբարելավի նրա վիճակը. «Օղին, կոնյակը, ընդհարապես՝ ալկոհոլը մարմնից հեղուկը հեռացնելու հատկություն ունեն, իսկ գրիպով հիվանդի մարմնից հեղուկի պակասումը՝ օրգանիզմի ջրազրկումը ծանր հետևանքներ է ունենում»,-ասել է Րաֆֆի Փոլադյանը, նշելով նաև, որ բժշկի՝ շատ հեղուկներ ընդունելու ցուցմունքի անվան տակ մարդիկ հաճախ են խմում կոկա-կոլա, սուրճ, թունդ թեյ և միզամուղ ըմպելիքներ, որոնք նույնպես հակացուցված են գրիպով հիվանդներին: Ըստ նրա՝ սուր շնչառական վարակներով հիվանդները պետք է խմեն միայն բնական ըմպելիքներ, որոնք միզամուղ հատկություններ չունեն:
«Արևելքի» հետ զրույցում Րաֆֆի Փոլադյանը նաև կարևորել է գրիպի դեմ պատվաստումների անհրաժեշտությունը, սակայն նշել է, որ խստիվ արգելված է պատվաստում կատարել արդեն վարակված ժամանակ:
«Պատվաստման դիմողը պետք է ամբողջությամբ վստահ լինի, որ ինքը վարակակիր չէ, այնուհետև կատարի պատվաստումը, հակառակ դեպքում՝ լրիվ հակառակ արդյունքը կունենա»: Նա նշեց, որ պատվաստումները կարևոր են հատկապես բուժաշխատողների, մանկապարտեզների, տարրական դպրոցների աշխատողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա