Վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարել է իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո
Հանրապետությունում համաճարակ չկա, նախարարությունն օպերատիվ համագործակցում է բոլոր մարզպետարանների և նրանց կից բուժհաստատությունների հետ: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մարզերում գործող պոլիկլինիկաները ևս շարունակելու են իրենց աշխատանքը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարար Մուրադյանը զեկուցել է, որ մարզերի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում պոլիկլինիկաները համալրված են անհրաժեշտ դեղորայքով:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է առողջապահության նախարարին սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո և օպերատիվորեն արձագանքել բոլոր հնարավոր խնդիրներին:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարանների գործունեությանը, մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև համայնքների խոշորացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը կարևորել է գերատեսչությունների և մարզպետարանների համակարգված ու միասնական աշխատանքը՝ մարզերում բոլոր ծրագրերն արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացնելու համար:
Նիստին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան