Մկրտիչ Մինասյան. Հայաստանն այսօր զրկվել է ցածր գներով հյուրանոցներից
Հայաստանում այսօր առավել շատ կառուցում են առանձնատներ, բարձրակարգ հյուրանոցներ: Հիմնական պատվիրատուներն անհատներ են:
«Առանձնատներ հիմնականում այն մարդիկ են պատվիրում, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնել: Այստեղ ապրողը, աշխատողը, բացի մի քանի հոգուց, հազիվ թե կարողանա նման տուն ձեռք բերել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանն այսօր զրկվել է ցածր գներով հյուրանոցներից, որոնք սովորաբար տարվա ընթացքում ավելի շատ են հյուրեր ունենում:
«Մարդիկ գալիս են, ման գալիս իրենց գրպանին հարմար հյուրանոց, չեն գտնում: Բոլոր երկրներում կան ցածր գներով հյուրանոցներ: Իսկ բարձրակարգ հյուրանոցներն իրենց հյուրերն ունեն»,- ասաց նա:
Մ.Մինասյանի խոսքով, լավ կլիներ, որ Հայաստանում կառուցեն նաև սովորական մահկանացուների համար հասանելի բնակելի շենքեր՝ ամեն հարմարությամբ, նաև արդյունաբերական շենքեր՝ նոր տեխնոլոգիաներով:
Ըստ նրա, չնայած այսօրվա սուղ պայմաններին, 2015-ին Հայաստանում կառուցվեցին բավականին շենքեր, հյուրանոցներ, վարչական շենք:
«Իհարկե, ունեցանք նաև «կորուստներ»: Ճիշտ է անցյալ տարի ինչ-որ շենք չքանդվեց, բայց կան շենքեր, որոնք առաջիկա տարիներին կհայտնվեն տխուր ցանկերի մեջ»,- նշեց Ճարտարապետների միության նախագահը:
Խոսելով ճարտարապետության ոլորտը կարգավորող օրենքների մասին, Մ. Մինասյանն ասաց, որ քաղաքաշինության նախարարության հետ մշակում են Ճարտարապետական գործունեության մասին օրենք:
«Ամբողջ աշխարհում ճարտարապետների գործունեությունը տարվում է միությունների կամ պալատների կողմից, պետության անելիքն օրենսդրական ակտեր, օրենքներ մշակելն է: Ճարտարապետների գործունեությունը, կազմակերպվող մրցույթները վերցված են պետության վրայից: Հիմա մենք էլ ենք ուզում նման օրենք ընդունել»,- ասաց Մ.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում