Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը պաշտոնապես սկսել է աշխատել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը պաշտոնապես հայտարարել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին գրում է rosbalt.ru կայքը:
«Բանկն այսօրվանից սկսել է աշխատել: Դրա ստեղծումը հնարավորություն կտա կատարելագործել ենթակառուցվածքների շինարարությունը Ասիայում, տարածաշրջանում կնպաստի տնտեսական ինտեգրացիային»,- բացման արարողության ժամանակ ասել է նա:
Սի Ծինփինի խոսքով, Չինաստանը 50 միլիոն դոլար է հատկացրել հատուկ ֆոնդի ստեղծմանը՝ ասիական թույլ զարգացած երկրներում նախագծերի իրականացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ մասնակից երկրները կակտիվացնեն իրենց ներդրումները նոր տնտեսական կառույցում:
The Financial Times գրել է, որ բանկը համարվում է Համաշխարհային բանկի պոտենցիալ մրցակից:
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման գաղափարը պատկանում է Չինաստանին: Վրջինս ստացել է ձայների 26,06 տոկոսը, Հնդկաստանը՝ 7,5 տոկոսը, Ռուսաստանը՝ 5,92 տոկոսը: Կառույցին անդամակցում է 57 պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, որոնց մուտքն այդ կառույց առաջացրել է Վաշինգտոնի բացասական արձագանքը:
Ռիա նովոստին գրում է, որ բանկի բացման արարողությունը կայացել է Պեկինում: Միաժամանակ 57 պետության պատվիրակությունների ղեկավարները սեղմել են կոճակները՝ տալով բանկի աշխատանքի մեկնարկը: