Թուրքիան ինքն է օկուպանտ պետություն. Դավիթ Բաբայան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը պաշտոնական Ստեփանակերտը նշանակություն չի տալիս, քանի որ թուրքական բարձրաստիճան ղեկավարության կողմից նույնաբովանդակ հայտարարությունները արդեն սովորական են դարձել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ դեսպանների 8-րդ համաժողովի ժամանակ Չավուշօղլուն պատասխանել է հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառների մասին հարցին:
Նա ասել էր, որ Ադրբեջանի խնդիրն ուղղակիորեն Թուրքիայի խնդիրն է, ու քանի դեռ Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը «օկուպացված է» և գոյություն ունի Ղարաբաղի հարց,ապա Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել:
«Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունները, ճիշտ է, շաբլոն են, բայց ցույց են տալիս այդ երկրի էությունը: Անհեթեթ հայտարարություն է, որովհետև եթե Թուրքիան խոսում է այսպես կոչված, օկուպացիայի մասին, ապա պետք է հասկանալ, որ հենց ինքը` Թուրքիան է օկուպացրել ուրիշների հողերը, տիրացել է այդ մշակույթին, յուրացրել նրանց նյութական արժեքները: Ընդհանրապես այդ մարդիկ եկել են ուրիշ տեղից, քոչվորների պես եկել տիրացել են ուրիշի տարածքներին ու երբ խոսում են արդարության, օկուպացիայի մասին, առաջին հերթին պետք է իրենց, իրենց անցյալը նայեն, հետո խոսեն», -ասաց պարոն Բաբայանը:
Նա հիշեցրեց 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը, նկատեց, որ մինչ այժմ չեն ուզում ճանաչեն ցեղասպանության փաստը ու հավելեց.
«Սա օկուպացիա չէ՞, թե՞ սա հանցագործություն չէ մարդկության դեմ: Թուրքիան, լինելով ագրեսիվ, ֆաշիստական պետություն, ընդհանրապես, արհեստական ստեղծված պետություն, նույն ոգով շարունակում է: Երևի դա բնական է, որովհետև նման պետությունները հենց այդպես էլ պետք է իրենց պահեն, որովհետև անհնար է, որ զավթողը, օկուպանտը խոսի բարոյական նորմերի մասին: Թուրքիան չի ուզում ապաշխարի, ինքը չի ուզում հասկանալ, որ ապաշխարանքով է իր գոյատևման լեգիտիմությունը ապահովել: Ու դրան հակառակ պաշտպանում է մեկ այլ ագրեսորի` Ադրբեջանին: Ավելին, Թուրքիան երբ խոսում է, որ Ադրբեջանի խնդիրը Թուրքիայի խնդիրն է նաև, դա նույնպես օկուպացիա է: Այսինքն ինքը դիտարկում է Ադրբեջանը որպես Թուրքիայի տարածք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին