Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի «Ռեալ Սոլթ Լեյքում»
Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» պայմանավորվել են Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում: Հայ ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում հանդես կգա վարձավճարի հիմունքներով, մինչև 2016 թ. դեկտեմբերի 1-ը ժամկետով: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: «Ռեալ Սոլթ Լեյքը» առաջնային իրավունք կունենա՝ գնելու 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վարձավճարի ժամկետից հետո: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թթ.: Հայաստանի ու ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող հարձակվողը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թ., «Կրասնոդարից»: Մոսկովյան թիմի կազմում անցկացրել է 66 խաղ և խփել 27 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 34 խաղի ու խփել 9 գոլ: