Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը ոչ միայն ճարտարապետական, այլ մշակութային, պատմական արժեք է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Ինձ համար անհասկանալի է ամբողջ ճարտարապետական կոմպլեքսից միայն աշտարակը թողնելը: Պոմպակայա՞ն եք թողնում: Եթե միայն աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու: Պետք է համալիրն ամբողջությամբ պահպանել: Եթե լինեն լայն քննարկումներ՝ առաջարկությունների, մոտեցումների, ներդրումների տեսակետից, հնարավոր կլինի: Այն որոշումները, որոնք կայացվում են փակ, նման արդյունքի են բերում»,- ասաց նա:
Ռ.Բաբայանի խոսքով, հայտնի չեն ամբողջ գործարքի իրավական հիմքերը՝ ինչպիսի՞ պայմաններ են եղել, ինչպիսի՞ պարտավորություններ ունեն կողմերը, արդյո՞ք բոլոր կետերը պահպանվել են, արդյո՞ք պայմանագրում նշված է եղել, որ կոնցեսիոները պարտավոր է պահպանել շենքը. «Հարցեր ենք, որոնք իրավական պատասխան են պահանջում»:
Նա հիշեց 1988 թվականի աղետալի երկրաշարժը՝ նշելով, որ այդ ժամանակ օդանավակայանը դարձել էր Հայաստանի հանդեպ մարդասիրական կենտրոնի սիմվոլ:
«Բոլոր նրանք, ովքեր գնացել են և կամավոր աշխատել են, կհիշեն, թե ինչ էր կատարվում: Սա պատմություն է և վերացնել այս շերտը՝ վերացնում ենք ոչ միայն մշակույթը, այլ կարևոր մի շերտ, որը Հայաստանին կապում է ամբողջ աշխարհի հետ»,- ասաց Ռ. Բաբայանը:
Նա նշեց, որ կարելի է այդ շենքը, ելնելով տեսքից, դարձնել ուսումնական զվարճական կենտրոն երեխաների համար, կամ համաշխարհային օժանդակության թանգարան՝ երկրաշարժի օրերին Հայաստանի հանդեպ:
ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ շենքը ամբողջությամբ կարող է ծառայել որպես օդանավակայան, իսկ եթե կոնցեսիոներն ուզում է նոր տերմինալ ավելացնել, կարող է դա անել, շենքը չի խանգարում:
«Կարևոր է, որ այդ շերտը չկորցնենք: Այլ տեղ լիներ, անպայման կպահպանվեր: Պարբերաբար նման երևույթներ կրկնվում են մեզ մոտ»,- նշեց նա:
Մ. Մինասյանը հույս ունի, որ կարող են եզրեր գտնել այդ կառույցը պահպանելու համար, անհրաժեշտ է քննարկել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից նախօրեին տեղեկացրեցին, որ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: Երևանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերովսահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան»: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան