Սերգեյ Խաչատրյանին հանձնվեց վաստակավոր արտիստի կոչման հավաստագիրը
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնել է վաստակավոր արտիստի կոչման հավաստագիրը: Վաստակավոր արտիստի կոչման ջութակահարն արժանացել էր 2012-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Panorama.am-ին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մինչև օրս Ս.Խաչատրյանին չէր փոխանցվել համապատասխան փաստաթղթերն ու պարգևը, քանի որ արվեստագետը գերհագեցած գրաֆիկի պատճառով Հայաստանում քիչ է լինում, ինչպես նաև հենց 2012 թվականի այդ օրը, երբ հանձնվել են պարգևները, Հայաստանում չի եղել:
Ս.Խաչատրյանին պարգևը հանձնվելը է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի բացման համերգին, որի ժամանակ ջութակահարն առաջին անգամ կատարել է իրեն նվիրված կոնցերտը՝ գրված կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի կողմից:
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։
15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005-ին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան դժվարին մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջոթակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։
Սերգեյը ելույթ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր խոշոր նվագախմբերի հետ, հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրթ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Միշել Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Խաչատրյան. Մարդ պետք է գլուխը կախ գործ անի ու լինի լավագույնն իր ասպարեզում
- Սերգեյ Խաչատրյանն իրեն նվիրված կոնցերտն առաջին անգամ կատարելու է Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում