Թատրոնի առջև չի կարող դրվել մի խնդիր՝ փող վաստակել. Ռուբեն Բաբայան
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն այս տարվա ընթացքում հանդիսատեսին կներկայանա մի քանի նոր ներկայացումներով: Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի ներկայացումների վրա աշխատում են՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ», Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը», որն արվելու է ստվերային թատրոնի սկզբունքով (առանջին ստվերային ներկայացումը թատրոնում), Դոկտոր Սյուզի «Փիղ Հորթոնը», էստոնացի հեղինակ Խելո Ռամոյի «Օպերացիա համեղ պատառիկ», Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը՝ «Բեթխեհեմի աստղի տակ»:
Ռ.Բաբայանը նաև ասաց, որ այս տարվա ընթացքում տարբեր երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Ռուսաստան, հանդես գալու հրավերներ են ստացել. «Դեռ չենք ընտրել, կախված են պայմաններից: Հաճախակի տարբեր փառատոներին մեր մասնակցությունը պայմանավորված է նրանից, թե արդյո՞ք հրավիրող կողմն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը, թե ոչ»:
Նա նշեց, որ կմասնակցեն նաև Հայաստանում տեղի ունեցող փառատոներին: Ռ. Բաբայանը հիշեցրեց, որ 2015-ին թատրոնը մասնակցել է 9 միջազգային փառատոնի, ունեցել է 7 նոր ներկայացում:
«Ամենակարևորն այն է, որ ներկայացումները մեկը մյուսին չեն կրկնում: Ներկայացումները ինտերակտիվ են, գունեղ, մյուզիքլային: Երեխաներին, նաև մեծերին այսպիսի ներկայացումներ են գրավում: Ներկայացման հիմքում ընդհանրապես ինտերակտիվությունը պետք է դրված լինի: Չի կարելի թատրոնում հանդիսականին անտեսել: Թատրոնը կոնկրետ իր ժամանակի մեջ է: Եթե այսօրվա հանդիսականին արհամարհում ես, պարզ չէ, թե որ հանդիսականի համար ես աշխատում: Սա շատ կարևոր հանգամանք է»,- ասաց նա:
Ռ.Բաբայանի խոսքով, չի կարելի զբաղվել բեմից պրիմիտիվ, պարզունակ դաստիարակությամբ:
«Բոլոր ճիշտ և լավ գաղափարները պետք է մատուցվեն հեքիաթի, խաղի ձևով, օրգանական մտնեն երեխայի մեջ, ոչ թե մատը թափ տալով՝ ես քեզ կստիպեմ, որ դու մարդ դառնաս: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները ճիշտ են արձագանքում, երբ դա մատուցվում է արվեստի լեզվով: Նրանք և ներում են, և քննադատում, և հուզվում, և կարեկցում, անում են դա ինքնուրույն, կամավոր, բայց, իհարկե, թատրոնի, ռեժիսորի, դերասանի թեթև ուղղվածությամբ: Այդ տեսակ վերաբերմունքն, ընկալումն ինձ համար ավելի կարևոր է, քան պարզապես դիդակտիկ ներկայացումը, որ դանակը բռնել աջ ձեռքում, պատառաքաղը՝ ձախ ձեռքում, կամ հակառակը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե տարեցտարի թատրոնի հանդիսականն ավելանո՞ւմ, թե՞ պակասում է, Ռ.Բաբայանն ասաց, որ եթե Հայաստանի բնակչությունը պակասում է, սոցիալական վիճակը վատանում է, հանդիսականը չի կարող ավելանալ:
«Մի քիչ պակասել է, բայց տոկոսային հարաբերակցությամբ ավելացել են թատրոնի բարեգործական ներկայացումները: Շատ ներկայացումներ խաղում ենք անվճար, մեկնում ենք սահմանամերձ գոտիներ, տարբեր սոցիալական խմբերի համար խաղում ենք անվճար կամ տրամադրում ենք մուտքի տոմս՝ անվճար: Բոլոր դեպքերում թատրոնի առջև չի կարող դրվել մի խնդիր՝ փող վաստակել: Հանուն ինչի՞ ես փող վաստակում: Այն կոմերցիոն կառույց չէ, որի վաստակած գումարով կարող ես լցնել պետական բյուջեն: Հակառակ՝ դու ինչ-որ մաս էլ ստանում ես պետական բյուջեից: Դու ունես ավելի կարևոր գերխնդիր»,- ասաց Ռ. Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Բաբայան. Շարունակում ենք ապրել նույն ստանդարտներով, բայց ուզում ենք ունենալ նոր կյանք
- Ռուբեն Բաբայան. Մենք մուրում ենք վստահությունը
- Ռուբեն Բաբայան. Գործը պետք է ծնվի, երբ արվեստագետը խոսք ասելու պահանջը զգա
- Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան