Ուիլ Սմիթի կինը քննադատել է «Օսկար»-ը՝ սևամորթ դերասանների բացակայության պատճառով
Դերասանուհի և պրոդյուսեր Ջադա Պինկետտ-Սմիթը, ամերիկացի դերսան Ուիլ Սմիթի կինը, Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել սևամորթ գործընկերներին ձեռնպահ մնալ «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը մասնակցելուց: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Դերասանուհուն վրդովվեցրել էր փաստը, որ հինգ հիմնական անվակարգերում միայն սպիտակամորթ հավակնորդներ են:
««Օսկար»-ի ժամանակ գունավորները հաճախ զվարճացնում են հանդիսատեսին և պարգևներ բաժանում, բայց մեր դերասանական նվաճումները հազվադեպ են գնահատվում: Հնարավոր է, բոլոր սևամորթները պետք է ձեռնպա՞հ մնան արարողությանը մասնակցելուց: Մարդիկ վերաբերվում են մեզ այնպես, ինչպես մենք ենք իրենց թույլ տալիս»,- գրել է նա:
Ջադա Պինկետտ-Սմիթի այս գրառումը ավելի քան 120 հազար օգտատերի հավանությանն է արժանացել, 16 հազարն էլ իրենց էջին են հրապարկել: Թվիթերում մեծ հանրաճանաչություն է ստացել #OscarsSoWhite հեշթեգը:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության հավակնորդները հայտարարվել են հունվարի 14-ին: Հինգ հիմնական անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», որևէ սևամորթ հավակնորդ չկա: Մրցանակաբաշխությունը վարելու է սևամորթ կոմիկ Քրիս Ռոքը: