Քաղաքագետ. Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար կարևորը ոչնչից հետ չմնալն է
Հայաստանի հարևան երկրներում առկա լարվածության, հնարավոր զարգացումների ու Հայաստանի անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
-Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մի քանի բառով ինչպե՞ս կբնութագրեք: Որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը:
-Ընդհանուր առմամբ, սա վերափոխումների, ուժերի բաշխվածության վերանայման, հետևաբար նաև նոր ռիսկերի ու հնարավորությունների շրջան է: Այստեղ կարևորը ոչնչից հետ չմնալն է, իրավիճակին ճիշտ գնահատական տալն ու դրա հիման վրա հետագա գործողությունների պլանի մշակումն է: Ես կարծում եմ, որ իրականում Հայաստանի համար լավ հնարավորություններ են ստեղծվել, ինչպես Ադրբեջանի հետ հակամարտությունում, այնպես էլ տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար: Դրա համար պետք է աշխատել, աշխատել ու աշխատել:
-Ադրբեջանում ճգնաժամ է: Հայ-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ եք կանխատեսում:
-Ադրբեջանի ճգնաժամն օր օրի մեծ թափ է հավաքում, ինչը Ադրբեջանի համար բավական բացասական զարգացումների պատճառ է դարձել: Մենք տեսնում ենք, որ հարևան երկրի քաղաքացիները բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով ապրուստի տարրական միջոցներ: Մարդիկ քաղաքական պահանջներ չեն ներկայացնում, զուտ հացի խնդիր են դնում: Դա խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ այն լինելով նավթ ու գազ արտահանող երկիր, չի կարողացել դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, և նավթի միջազգային գները վատ են անդրադառնում այդ երկրի ներքին զարգացումների վրա: Չի եղել ճիշտ կառավարում, եղել է ֆինանսական միջոցների վատնում, ռեզերվները ճիշտ չեն ձևավորվել:
Սա նշանակում է, որ այս պետության կողմից նախկինում հնչեցված բոլոր քարոզչական թեզերն իրականում անհիմն են: Կարծում եմ, որ սա փաստացի նոր իրավիճակ է ստեղծելու նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ընդհանրապես, պետք է ասեմ, որ վերջին երկու տարիների զարգացումներն իրավիճակն անընդհատ փոխել են հօգուտ մեզ: Նախ բացահայտվեց Ադրբեջանի թուլությունը ռազմական տեսակետից: Երկար ժամանակ ադրբեջանցիները փորձում էին ողջ աշխարհին համոզել, որ հզոր բանակ ունեն, որը կարող է նպաստել արցախյան խնդրի՝ հօգուտ Ադրբեջանի լուծմանը, փորձում էին պատերազմի չվերսկսելը որպես զիջում ներկայացնել: Տեսանք, որ այդպես չէ:
Նույն բանը հիմա տեսնում ենք տնտեսական զարգացումներում: Ադրբեջանի քարոզչական այն թեզը, թե իբր հայկական կողմը հաղթել է ճակատամարտը, սակայն պատերազմում պարտվել են, որովհետև նրանց տնտեսությունը թույլ է, մերն ավելի ուժեղ է:
-Հաշվի առնելով տարիների փորձը, երբ Ադրբեջանը քաղաքացիների ուշադրությունը խնդիրներից շեղելու համար լարվածություն է ստեղծում սահմանին, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել հայ-ադրբեջանական սահմանին:
-Ալիևի վարչակազմի գործողությունները միշտ անկանխատեսելի են, տրամաբանական գնահատման դժվար են ենթարկվում, բայց ես կարծում եմ, որ հիմա Ադրբեջանը նման պոտենցիալ չունի՝ սահմանային իրադարձություններով հասարակության ուշադրությունը շեղելու համար:
Իրականությունն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիներն արդեն իսկ օրվա հացի խնդիր են բարձրացնում, իսկ դա նշանակում է՝ որևէ զարագացում չի կարող նրանց շեղել իրեն պահանջից, և երկրորդ պատճառը ադրբեջանական բանակի բարոյալքված վիճակն է:
Ներքին ճգնաժամն անմիջական ազդեցություն է ունեցել բանակի վրա, բացի այդ, կրճատվում են ադրբեջանցի զինծառայողների աշխատավարձերը, տեղեկատվություն կա, որ 30-50 տոկոսով, տեղեկատվություն կա, որ պայմանագրային զինծառայողներից շատերը չեն ստացել դեկտեմբերի աշխատավարձերը, և ընդհանրապես, պայմանագրային զինծառայողների թիվն է կրճատվում:
Այսինքն, ակնհայտ է, որ ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել նաև բանակի վրա: Այս պարագայում սահմանին իրավիճակի սրումը Ադրբեջանի համար կարող է բավականին լուրջ հետևանքեր ունենալ: Ալիևը սա հասկանում է, դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ նրանք չեն կարողանում կառավարել լարվածության աստիճանը հայ-ադրբեջանական սահմանում: Սահմանին իրավիճակի սրմամբ, Ալիևը չի կարողանա իր ներքին հարցերը լուծել, դրա համար անիմաստ բան է դառնում:
Թուրքիայում և Իրանում ստեղծված իրավիճակի ու զարգացումների վերաբերյալ՝ հաջորդիվ: