Պերմյակովի գործով կողմերը միջնորդում են դատավարությունը տեղափոխել Գյումրիի Ազատության հրապարակ 7
Այսօր Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկամսյա ընդմիջումից հետո մեկնարկած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստում Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդեցին չեղյալ համարել արտագնա նիստ անցկացնելու որոշումը և նիստը անցկացնել Գյումրիի Ազատության հրապարակ 7 հասցեում գործող դատարանի շենքում:
«Մեզ լսելի չեն Պերմյակովի խոսքերը, չենք տեսնում նրա դեմքը, միմիկան, չենք հասկանում` ինչ է նա զգում, հոգեբանական ինչ ապրումներ ունի, ինչը կարևոր է դատավարության կողմերի համար: Մենք նույնիսկ վստահ չենք, թե արդյոք կան դատավորի համար լավ պայմաններ, համոզված չենք, որ միայնակ կգտնվեք խորհրդակցական սենյակում և վստահ չենք, որ միայնակ առանց ռուս իրավապահների դուք որոշումներ կկայացնեք»,-դիմելով նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանին, միջնորդությունը ներկայացրեց իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Շարունակելով ներկայացնել միջնորդությունը, Սաքունցն ասաց, որ Պերմյակովի` ռուսական ռազմաբազայի կալանատանը լինելը «նախաքննության պատշաճության էական թերություն է»:
Ավելին, իրավապաշտպանը վստահ է, որ դատարանը նպաստում է ոչ արդյունավետ դատավարության անցկացմանը, քանի որ Պերմյակովը կաշկանդված կլինի ցուցմունքներ տալու հարցում:
«Արտագնա նիստ անցկացնելու որոշումը մեզ մոտ կասկածներ է առաջացնում, որ մեղադրյալ Պերմյակովը կաշկանդված կլինի ցուցմունքներ տալու հարցում, քանի որ սպայական անձնակազմը ազատ ելումուտ ունի և կարող են ճնշումներ գործադրել ամբաստանյալի վրա», -նկատեց Սաքունցը:
Կողմերը միացան միջնորդությանը: Փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ լրագրողների համար ևս այս դահլիճում բարենպաստ պայմաններ ստեղծված չեն: Մյուս փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս նկատեց, որ իրավական որևէ հիմնավորում չկա, որ արտագնա նիստ անցկացնելու որոշում է կայացվում:
«Բացի այդ, մեկ հարց է ինձ հետաքրքրում` ինչո՞ւ պետք է ՀՀ-ն հավելյալ ծախսեր կատարի, որ դատավարությունն անցկացվի ռուսական ռազմաբազայում: Մենք արդեն երկրորդ անգամ է, տեսնում ենք, որ դատական դեպարտամենտը մեծ կազմով ու փաստաթղթերով գալիս է հասնում այստեղ ու հարց է առաջանում` ինչու», -նշեց Վարոսյանը:
Ամբաստանյալ Պերմյակովին ևս հարցրեցին` ինչ կարծիք ունի դատարանի տեղափոխության հարցի վերաբերյալ, ինչին մեղադրյալը արձագանքեց. «Ինձ համար ոչ մի տարբերություն»:
Դատավոր Հարություն Մովսեսյանը կողմերին լսելուց հետո կես ժամով անցավ խորհրդակցական սենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան