Վ.Սպիվակով. Երիտասարդական նվագախումբն առանձնանում է ինքնատիպությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։ Այս մասին հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նվագախմբին շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը: Մաեստրո Սպիվակովն իր խոսքում, մասնավորապես, նշում է. «Ես հիշում եմ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հանդես էր գալիս ԱՊՀ երիտասարդական նվագախումբը, որի կազմում կար հայ երեխաների մեծ խումբ։ Եվ պետք է խոստովանեմ՝ այն ամենաուժեղ խումբն էր։ Այժմ այդ երեխաները մեծացել են, դարձել մեծ երաժիշտներ։ Նրանց ղեկավարում է հրաշալի երաժիշտ, իմ երիտասարդ ընկեր Սերգեյ Սմբատյանը, ում ես ճանաչում եմ, երբ նա դեռ երեխա էր։ Շատ լավ է, որ նա էլ հրաշալի ջութակահար է, որովհետև նվագախումբ ղեկավարելու համար շատ կարևոր է նվագել լարային գործիք, քանի որ այն նվագախմբի հիմքն է… Եթե խոսեմ Երիտասարդական նվագախմբի մասին, ապա այն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, և կարծում եմ՝ երաժիշտների միջև ձևավորված մեծ բարեկամությամբ։ Ահա այս երեք գործոնները, ինձ թվում է, ապահովում են հաջողություն։ Ես ցանկանում եմ նվագախմբին, նրա ղեկավարին հաջողություններ, հետագա բարգավաճում և մեծ համբերություն, քանի որ եթե հիշենք Անտոն Չախովի խոսքերը, որոնք նա ասել է «Ճայը» ստեղծագործության մեջ, կարևորը փառքն ու փայլը չեն, այլ համբերելու, սեփական խաչը կրելու և հավատի կարողությունը»։
Հիշեցնենք, որ նվագախումբը հիմնադրման 10-ամյակը նշելու է մեծ համերգով: Հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին մասնակցելու են փայլուն արտիստներ՝ լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ հայ ու արտասահմանցի հայտնի երաժիշտներ:
2005թ-ին Սերգեյ Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նվագախմբում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ: Մեկ տարի անց Հայաստանի երիտասարդական նվագախումբը դարձել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնել է «պետական կարգավիճակ»` բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար:
Հարակից հրապարակումներ`
- «Հուսամ մի օր միասին կաշխատենք». Ս. Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին
- Սերգեյ Սմբատյան. Մենք Հայաստանում ստեղծել ենք մի նոր տենդենց, որ երիտասարդը կարող է անել այն, ինչին հավատում է
- Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին