Տնտեսվարողները և հիմնարկ ձեռնարկությունները ևս ձնամաքրման աշխատանքներ չիրականացնելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության
Առաջիկայում ձյան տեսքով տեղումներ են սպասվում մայրաքաղաքում և դրա հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տնտեսվարողներին և հիմնարկ ձեռնարկություններին ևս հիշեցրեք իրենց պարտավորությունների մասին: Խստորեն նախազգուշացրեք, որ ապահովեն իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչն իր հերթին քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում: Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման: Ի պատասխան խնդրանքի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդել է Երևան քաղաքի ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ: