Մասնագետը՝ Հայաստանում քաղցկեղից մահացության տվյալների մասին
«Անկեղծ ասած՝ տվյալներին ծանոթանալուց հետո այդպես էլ անհասկանալի մնաց, թե որ առողջապահական միջազգային կազմակերպությունը, առողջապահական գիտական հաստատությունը կամ համալսարանն է այդ տվյալների աղբյուրը և որ տարվա վիճակագրական տվյալներն են երկրների համեմատվել, ինչպես նաև որ տարիքային խմբերի հետ գործ ունենք և այլն»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ մեկնաբանելով World life expectancy կայքի հրապարակած տվյալները:
Նշենք, որ, ըստ կայքի տրամադրած քարտեզներում արտացոլված տվյալների, աշխարհում քաղցկեղից մահացության ամենաշատ դեպքերը տեղի են ունենում Հայաստանում: Հաշվի է առնված 100 հազար մարդու շրջանում հիվանդության կրկնման դեպքերը: Հայաստանում 100 հազար մահացածներից 229,84-ի պարագայում մահվան պատճառը եղել է քաղցկեղը: Այդ ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում հայտնվել է առաջին հորիզոնականում:
Ա. Բազարչյանի խոսքերով՝ այդ հրապարակումից հետո ուսումնասիրել է տվյալ կայքէջը, որտեղ չի նկատել զեկույցների կամ հոդվածների հղումներ, հեղինակների անուններ և այլն, որոնց հիման վրա հավաքագրել են այդ թվերը: Այդ պատճառով, չի կարող ասել, թե ով է զեկույցի իրական հեղինակը:
«Համացանցում նույնիսկ այդ կայքի անվանումով կազմակերպություն չկարողացա գտնել: Կայքում մանր տառերով նշված է Համաշխարհային առողջապահական կազմակերպություն- ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունները, բայց ԱՀԿ-ի էջում նման գործընկերային հարաբերություն տվյալ կայքի հետ չկարողացա գտնել: Եթե կան, ապա շնորհակալ կլինեմ, որ ինձ այն փոխանցեն կամ ուղարկեն»,- ընդգծեց Ալեքսանդր Բազարչյանը:
Նա, չմեկնաբանելով այդ թվերը, ասաց, որ եթե Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը կարող է ոմանց համար կասկածելի թվալ, ապա կարող են օգտվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներից:
Ըստ ԱԱԻ-ի տնօրենի՝ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի համար գործում է տվյալների բազա, որում հնարավոր է գտնել առողջապահական վիճակագրական տվյալներ, որոնք հրապարակում է ԱՀԿ-ն. «Այդ թվերին ծանոթանալուց հետո պարզ կդառնա՝ իսկապես պատկերն այնպիսի՞ն է, ինչպես ներկայացրել է տվյալ կայքը, թե ոչ»:
Նաև ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կա պաշտոնական վիճակագրություն, որը հասանելի է ՀՀ ԱՆ կայքէջում, բացի այդ, կարող են օգտվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի կայքէջում գտնվող «Health for all» տվյալների բազայից:
Բացի այդ, ըստ Ա.Բազարչյանի, ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված վիճակագրական տարեգրքում ներկայացված են Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության և առողջապահության համակարգի գործունեությունը բնութագրող առանցքային ցուցանիշները: