Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները». Սամվել Մարտիրոսյան
Աշխարհի բնակչության կեսը չի օգտվում համացանցից, իսկ Հայաստանում՝ բնակչության մոտ 40%-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում նրանց թիվը արագ կրճատվում է։
«Նոր ծրագրեր են իրականացվում, որոնք ապագայում թույլ կտան փոքրացնել ինտերնետից չօգտվողների թիվը: Հայաստանում ցանցից օգտվողների թիվը հասել է 60%-ի, բայց հաշվարկված է 14 և բարձր տարիքի մարդկանց շրջանում, եթե երեխաներին գումարենք, ապա տոկոսը կաճի, հաստատ նրանք ավելի են օգտվում։ Կարող ենք ասել, որ մեր բնակչության մոտ 2/3-ը օգտվում է համացանցից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա, ըստ Սամվել Մարտիրոսյանի, համացանցից օգտվում են բնակչության 80%-ից` անգամ 90%-ից ավելին։
«Մեզ մոտ վերջին մի քանի տարիներին իրականում աճեց ցուցանիշը: Դեռ 2010թ-ին բնակչության 5-6%-ն էր օգտվում: Կարծում եմ՝ առաջիկայում թիվն արագ չի աճի, քանի որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան բաժանորդագրվելու ինտերնետին, ինչպես նաև համակարգիչ գնեն: Մեր երկրում գները համեմատաբար ցածր են, բայց եթե համեմատես եկամուտների հետ, դա բեռ է մարդու համար: Մեր երկրում առանց ինտերնետ էլ կարող ես գոյատևել՝ համեմատած այն երկրների հետ, որտեղ համացանցը ենթակառուցվածքներ է մտել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նպատակով են օգտվում համացանցից մարդիկ, մեդիա փորձագետը նշեց, որ ի տարբերություն հայ հասարակության, եվրոպացիները միայն սոցիալական ցանցերի համար չեն օգտվում։
«Ինտերնետը նրանց համար ծառայում է որպես պետության հետ շփվելու միջոց, բոլոր պետական գործառույթները իրականացվում են ինտերնետով։ Երկրներ կան, որոնց համար համացանցը հանդիսանում է հարկերն ու տուրքերը վճարելու միակ միջոցը: Իսկ Հայաստանում ինտերնետը դեռևս կենսական պահանջ չէ, քանի որ առանց դրա էլ կարող ենք մեր երկրում ապրել։ Հայաստանում համացանցից այնպիսի մեծ բարիք չես ստանում, ինչպես եվրոպական երկրներում»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ Հայաստանում բացակայում է համակարգչային գրագիտությունը. «Անձնական տվյալների վարչությունը ստեղծվել է 2015թ-ի աշնանը, երբ ամբողջ աշխարհում նման կառույց գործում է շատ տարիներ: Սա խոսում է այն մասին, որ ոչ հասարակությունն է հարցը լուրջ ընդունում, ոչ էլ պետությունը։ Հիմա էլ չեմ տեսնում լուրջ հետաքրքրություն վարչության նկատմամբ»։
Անդրադառնալով սոցցանցերի «վիրուսներին», Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դրանց տարածվելիությունը գնալով պակասում է և վերջին երկու ամսում «համաճարակային» բնույթ չի կրում:
«Մարդիկ հասկացել են, որ եթե անհասկանալի նամակ են ստանում՝ պետք չի ամեն ինչի վրա կտտացնել: Փոխարենը, Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները», որոնք թափ են առել հատկապես 2015թ-ի կեսից։ Այդ «վիրուսն» ընկնում է համակարգչի մեջ ու գաղտնագրում է բոլոր ֆայլերը: Այսինքն, դուք ունեք այդ ֆայլերը, բայց չեք կարողանում բացել: Հետո ստանում եք հակերներից նամակ, որ եթե կրկին ուզում եք բացել ձեր ֆայլը, ապա պետք է վճարեք, ու կախված ֆայլի կարևորությունից, տարբեր չափի գումար են պահանջում»,- ասաց նա։
Ըստ մասնագետի՝ նման վիրուսակիր ֆայլերը 90 տոկոս դեպքերում ստացվում են էլեկտրոնային փոստով, ուստի պետք չէ բացել անծանոթ հասցեատերերի նամակները, որոնք ուղարկողներն ամեն կերպ «ստիպում» կամ «համոզում» են բացել վիրուսակիր «ZIP» ֆայլը: Այդ վիրուսները ստացվում են անգամ ընկերների անունից:
«Այդ վիրուսների խնդիրը կայանում է նրանում, որ դրանց դեմ դեղ չկա, ուստի պաշտպանվելու միակ միջոցը անհասկանալի կամ «գայթակղիչ» վիրուսակիր ֆայլը չբացելն է»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան