Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Արամի 30 հասցեում գտնվող շենքի փլուզման վերաբերյալ, որտեղ ասված է.
«Հունվարի 16 լույս 17-ի գիշերը կրկին դիվերսիա կազմակերպվեց մեր քաղաքի փոքր կենտրոնի ամենաարժեքավոր հատվածներից մեկում, Աբովյան՝ նախկին Աստաֆյան և Արամի խաչմերուկում։ Արամի 30 հասցեում մոտ երկու դար ապրած կարմիր տուֆից շենքը մի գիշերվա ընթացքում ոչնչացվեց կառուցապատողների ծանր տեխնիկայի գործադրմամբ։ Մեր քաղաքի պատմական ժառանգության հանդեպ այս հերթական հանցագործության գլխավոր պատասխանատուները նույն նրանք են, ում հրաժարականը քաղաքացիական հանրույթը բազմիցս է պահանջել ու մինչ օրս էլ պահանջում է – Նարեկ Սարգսյան և Տարոն Մարգարյան։ Մշակույթի նախարարի մասին պատմությունը լռում է։
Այս տխրահռչակ չինովնիկները չհասկացան, որ Երևանի կենտրոնը փորձադաշտ չէ։ Չհասկացան, որ քաղաքաշինական նախագծերը պետք է համապատասխանեցվեն Երևանի պատմաճարտարապետական հանգույցներին, ոչ թե այդ հանգույցները ոչնչացվեն՝ տարածք բացելով մեկ-երկու հոգու հիվանդագին մտավիժումներից ծնված պրոյեկտների համար։
Պայքարը Արամի 30-ի պահպանման համար սկսվել էր ավելի քան հինգ տարի առաջ: Քաղաքի պատմությունը հարգող քաղաքացիների ջանքերը զուր չէին, սակայն այս գեղեցիկ շենքի կյանքը հաջողվեց երկարաձգել միայն մինչև քաղաքաշինական այսօրվա համաճարակը։ Այսպես է լինում, երբ բոլորս մեր հույսը դնում ենք ոչ թե մեր իսկ ուժերի, համախմբվածության ու հետևողականության, այլ ապիկար ղեկավարների մտքի զարթոնքի, օրինապահության կամ քաղաքի ճակատագրի վրա։ Իրականում այս շենքի համար մղվող պաքարը դադարել էր այն բանից հետո, երբ տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը քաղաքացիներին վստահեցրել էր, որ Արամի 30-ի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլիներ պահպանել։ Եվ այդպես, փափուկ բարձի խայծն աշխատեց։
Ինչ վերաբերում է օրենքին, ապա նկատենք, որ տարածքում մինչ այժմ որևէ նախագիծ հրապարակված չէ։ Մեր օրերի նապոլեոնները արհամարհում են քաղաքացուն և քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը և իրենց խզբզանքները պահում բարձի տակ։ Իսկ քանդման աշխատանքների համար գերադասում են գիշերային ժամերը, որպեսզի հնարավոր լինի ինքնափլուզման միֆերով լցնել ժողովրդի ականջները, ինչպես արվեց, օրինակ, «Փակ շուկայի» և Հրաչյա Աճառյանի անվան N 72 դպրոցի պարագայում։ Արդեն քանդված շենքերի բազմաթիվ լուսանկարներ այսօր ցուցադրվում են մետրոկայարանների դամբարանային մթնոլորտում։ Այսպիսով, մշակույթի նախարարությունն էլ շարունակում է մնալ պատմական շենքերի հուղարկավորության և հիշատակման բյուրոյի դերում։
Իսկ Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երևան քաղաքի հետ ծնունդով և հոգով որևէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ, որը կարող է դառնալ Նարեկ Սարգսյանի հիվանդ մտքի հաջորդ թիրախը»:
Հարակից հրապարակումներ`
- «Փակ շուկա». «Տագնապ է առաջացնում պետական այրերի լռությունը»
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան