Ամեն ինչ մեզանից կախված չէ. Բաբայանը` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քվեարկության մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված երկու հակահայկական բանաձևերը աննախադեպ են իրենց ձևակերպումներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վահան Բաբայանը:
«Այդ բանաձևերում տեղ գտած տերմինաբանությունը հակասում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մոտեցումներին և ընդհանրապես, խեղաթյուրում են միջազգային հանրության տեսակետները հիմնախնդրի վերաբերյալ», -հավելեց Բաբայանը` ընդգծելով, որ այդ բանաձևերը և քաղաքական, և իրավական առումով ոչ լիարժեք են:
Նա նկատեց, որ ԵԽԽՎ կանոնադրության խախտմամբ է զեկույցները կազմվել, քանի որ զեկույցներում մատնանշված ոչ բոլոր կողմերին են այցելել զեկույցի հեղինակները:
«Գիտեք, որ այդ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է, այդ երկրում ունի բավական լուրջ կապեր, բացի այդ, Ուոլթերը ստացել է Թուրքիայի քաղաքացիություն: Նա չի այցելել տարածաշրջան ու գրել է, թե Լեռնային Ղարաբաղից տեղահանվել են ադրբեջանցիներ, բայց մեկ բառ անգամ նշված չէ, թե ինչքան հայեր են տեղահանվել Լեռնային Ղարաբաղից ու հարակից տարածքներից: Իսկ խոսքը 480 հազար հայի մասին է», -հավելեց պատվիրակության անդամը:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել պատվիրակությունը ԵԽԽՎ-ում և ինչ ակնկալիքներ ունի սպասվող նստաշրջանից, Բաբայանը պատասխանեց, որ փակագծեր չի ցանկանում բացել:
«Վստահ եղեք որ և պատվիրակությունը, և ՀՀ Ազգային ժողովը, արտաքին քաղաքականությամբ զբաղվող շատ պաշտոնյաներ հնարավոր ջանքերը գործադրել են, որպեսզի մենք գրանցենք հաջողություն: Բայց ամեն ինչ մեզանից կախված չէ», -հավելեց պատգամավորը:
Նշենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվելու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին