«Այդպիսի բանը հնարավոր չէ մոռանալ և ներել». ԱՄՆ-ում ցուցադրվում է «Մեկ դար տևողությամբ ցեղասպանություն. Բաքվի Սև հունվարը» ֆիլմը
Այն օրերին, երբ համայն աշխարհի հայերը հիշատակում են Բաքվում իրականացված հայերի ցեղասպանության 26-րդ տարելիցը, ԱՄՆ-ի երկու քաղաքներում` Ռոդ Այլենդի նահանգակենտրոն Փրովիդենսում և Կոնեկտիկուտի նահանգակենտրոն Հարթֆորդում կայացել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը պատրաստվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում:
Նշենք, որ ֆիլմը հիմնված է Ադրբեջանի մայրաքաղաքում 1988-1990թթ-ին տեղի ունեցած իրադարձությունների ականատեսների վկայությունների վրա` բաքվի հայերի, որոնք ներկայումս ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նրանց հետ տեսահարցազրույցների ձայնագրման համար 2014թ-ի մարտին ԱՄՆ է մեկնել «Սովորական ցեղասպանություն» նախագծի նկարահանող խումբը, որը ձայնագրել է շուրջ 50 փախստականի վկայություն:
Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը` Փրովիդենսի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու Եգավյան դահլիճում ցուցադրության ժամանակ ազատ տեղեր չէին մնացել: Ներկա գտնվողների կազմում են եղել Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսի անդամ Քեթրին Ղազարյանը, Արևելյան Ափի Հայկական թեմի առաջնորդի ներկայացուցիչ հայր Սիմեոն Օդաբաշյանը, Վաշինգտոնից հատուկ ժամանած ԱՄՆ-ում ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամ լրագրող Հայկարամ Նահապետյանը ներկայացրել է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը և պատմել է նկարահանումների մասին, որոնք նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի մասնակցությամբ իրականացվել են ԱՄՆ-ի հինգ նահանգներում:
Նշենք, որ «Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Նախագծի շրջանակներում 2009 թվականի նոյեմբերից սկսած պատրաստվել է Սումգայիթի, Մարաղայի, «Օղակ» գործողության վերաբերյալ հինգ լեզուներով վավերագրական ֆիլմաշարը, հիմնվել ու գործարկվել է Karabakhrecords կայքը: Հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր: Նախագծի շրջանակներում պատրաստվել են եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) բրոշյուրներ, որոնք ներառում են տեղեկություններ «Սովորական ցեղասպանություն» նախագծում ընդգրկված իրադարձությունների մասին: «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը թարգմանված է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ ևս:
Ֆիլմի ցուցադրումից հետո մոդերատոր Արա Փողիկյանը մոտեցել է բարձրախոսին և խնդրել է բոլորին հոտնկայս արտասանել «Հայր մեր»-ը:
«Տեսածից հետո այլ խոսքեր ես չեմ գտնում», - ասել է Փողիկյանը:
Ելույթ է ունեցել նաև Քեթրին Ղազարյանը` դժվարությամբ զսպելով արցունքները:
«Ես չորրորդ սերնդի ամերիկուհի եմ: Իմ որոշ ծանոթներ` երիտասարդ ամերիկահայեր, կարծում են, որ մենք պետք է մոռանանք Ցեղասպանության թեման և ապրենք իրականությամբ: Բայց ես նրանց միշտ պատասխանում եմ, որ մեզանից բացի ոչ ոք չի պայքարի արդարության համար, նաև նրա համար, որ թույլ չտան 1915թ-ի և 1990թ-ի Բաքվի իրադարձությունները: Ես ցնցված եմ տեսածովս... Ֆիլմում կան բեմադրված տեսարաններ, և չնայած ես հասկանում էի, որ էկրանին դերասաններ են, միևնույնն է` այդ կադրերը ցնցեցին ինձ, որովհետև դրանք հիմնված են այն մարդկանց իրական պատմությունների վրա, ովքեր վերապրել են այդ սարսափը», - հայտարարել է Ք. Ղազարյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում:
Արմատներով Ղարաբաղից Բաքվի հայ Կարեն Բաղդասարյանն ընդգծել է նման ֆիլմերի կարևորությունն այն տեսանկյունից, որ աշխարհը իմանա Ադրբեջանում իրականացված հայերի ցեղասպանության մասին ճշմարտությունը:
Երևանցի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, ով արդեն մի քանի տարի է աշխատում է Ռոդ Այլենդում, նշել է, որ իր պարտքն է համարել կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը: «Այդպիսի բանը հնարավոր չէ մոռանալ և հնարավոր չէ ներել», - ասել է նա:
Անդրադառնալով ներկա գտնվող Բաքվից դուրս եկած փախստականներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հայտարարել է. «Դուք` ԱՄՆ-ի քաղաքացիներ, ընտրողներ, ձեր պատգամավորները հաշվի են նստում ձեր կարծիքի հետ: Պատմեք նրանց, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել Ադրբեջանի հայերը և ինչ են նրանք ստիպված եղել վերապրել»:
Ռոդ Այլենդում անցկացված հայկական երեկոն ավարտվել է ոչ մեծ համերգով: Ամերիկացի դաշնակահարուհին նվագել է Կոմիտասի և Բաբաջանյանի ստեղծագործությունները, իսկ Դավիթ Հայրիյանի կատարմամբ քամանչայի վրա հնչել է Սայաթ Նովայի երաժշտությունը:
Մեկ օր անց «Մեկ դար տևողությամբ ցեղասպանություն. Բաքվի Սև հունվարը» ֆիլմը ցուցադրվել է Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու դահլիճում: Հենց այստեղ երկու տարի առաջ անցկացվել է ֆիլմի նկարահանումների մի մասը: Բաքվի հայերը, որոնց վկայությունները ի թիվս այլոց ցուցադրված են ֆիլմում, այժմ նստած էին հանդիսատեսների շարքերում: Ֆիլմի հերոսներից մեկը` Վալերի Օհանովը ասել է. «Չի լինում մեկ օր, որ ես չհիշեմ Բաքվի իրադարձությունները: Այդ վերքը երբեք չի առողջանա: Եվ Աստված կպատժի վատ մարդկանց»:
Ֆիլմի ցուցադրությամբ միջոցառումը նախատեսվում է մոտակա ժամանակահատվածում անցկացնել նաև ԱՄՆ-ի այլ քաղաքաներում: Ինչպես հաղորդում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը` նախագիծը իր շարունակությունը ունենալու է նաև ընթացիկ տարում. նախատեսված է հրատարակել «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայությամբ» ժողովածուն, բացի դրանից` հեղինակները մտադիր են ձայնագրել նոր տեսահարցազրույցներ Ադրբեջանից դուրս եկած փախստականների հետ, որոնք ներկայումս ապրում են աշխարհի տարբեր երկրներում:
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Բաքվում նրանք կազմակերպել էին համակենտրոնացման ճամբար»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Միայն այն բանի համար, որ ես հայ եմ ծնվել, ինձ պետք էր սպանել»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Մայրս լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Երիտասարդ հային ուղղակի նետեցին գնացքի տակ»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. ականատեսների վկայություններ
- «Պատմությունը կրկնվում է…». Ռիչմոնդում ցուցադրվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը