Չինաստանի տնտեսությունը ռեկորդային ցածր աճ է գրանցել վերջին 25 տարիների համեմատ
Չինաստանի ՀՆԱ-ի աճը 2015թ-ին կազմել է 6,9%, ինչը սկսած 1990թ-ից ամենացածր ցուցանիշն է: Deutsche Welle լրատվական գործակալության ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` հունվարի 19-ին այս մասին հայտնել է Չինաստանի Վիճակագրության ազգային բյուրոն:
Աշխարհում մեծության երկրորդ տնտեսության տնտեսական աճը 2014թ-ին կազմել էր 7,3 տոկոս: Չինաստանի կառավարությունը 2015թ-ին կանխատեսում էր, որ տնտեսական աճը կազմելու է 7 տոկոս, սակայն սպասումները չարդարացան:
Չինաստանի տնտեսական աճը շարունակում է դանդաղել, և ներկայումս ՉԺՀ-ի իշխանությունները փորձում են կառուցել այնպիսի տնտեսություն, որը աճ կգրանցի ծառայությունների ոլորտի և ներքին սպառման հաշվին, այլ ոչ թե արտահանման և ներդրումների:
Չնայած տնտեսական աճի տեմպերի դանդաղելու մասին լուրերին` Shanghai Composite ինդեքսը արձագանքել է 1,64% աճով, իսկ Schenzhen Composite ինդեքսը` 1,41% աճով:
Չինաստանի միջազգային պահուստները 2015թ-ին կրճատվել են ռեկորդային 512,6 մլրդ դոլարով` տարեվերջին կազմելով 3,33 տրլն դոլար: