Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է Բաքվի և Անկարայի կոռուպցիոն գործակցությանը Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի օրինագծերում
Թուրքական ընդդիմադիր «Demokrathaber.net» լրատվակայքն անդրադարձել է Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ-ի օրինագծերում Թուրքիայի և Ադրբեջանի ունեցած կոռուպցիոն գործակցության թեմային:
Կայքում հրապարակված «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» հոդվածում նշվում է, որ հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկելիք ձմեռային նստաշրջանում քվեարկության է նախապատրաստվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ երկու օրինագիծ:
«Միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրինագիծն օրակարգ մտցրած Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Վոլտերը և ԵԽՎՎ-ի ձմեռային նստաշրջանը նախագահող իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունթը քննադատվում են կողմնապահության համար»,- գրում է թուրքական կայքը՝ ընդգծելով, որ բրիտանացի պատգամավորը նախապատրաստել է միայն Բաքվի իշխանությունների տեսակետին տուրք տվող օրինագիծ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ղարաբաղյան հարցում Բաքվին աջակցող պաշտոնական Անկարան վերոհիշյալ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, ինչը պատահականություն լինել չէր կարող: Նշվում է, որ Վոլտերին Թուրքիայի Հանրապետության անձնագիրը հանձնել է անձամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնության արդյունք է,- գրում է «Demokrathaber»-ը՝ հավելելով- Այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել նստաշրջանի մեկնարկին, Ստրասբուրգի կուլիսներում լուրեր են պտտվում, թե Վոլտերն առաջիկայում ստանձնելու է խորհրդականի պաշտոն Թուրքիայի արտգործնախարարությունում»:
Թուրքական լրատվամիջոցի բնորշմամբ պատահականություն չէ նաև այն, որ քննարկումների առարկա դարձած օրինագիծը ծրագրվել է օրակարգ բերել հենց Պեդրո Ագրամունթի նախագահության շրջանում: Վերջինս Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին իր զեկույցներում մշտապես խուսափել է Բաքվի իշխանությունների և Ալիևի ռեժիմին հակադրվող գնահատականներ տալուց, ինչի պատճառով էլ արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ «Human Rights Watch»-ի և «European Stability Initiative»-ի խիստ քննադատութուններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան