2015թ.-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, նախօրեին մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Հայաստանի պատվիրակության կազմում են եղել ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։
Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած` Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին հանգամանալից քննակվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։
Բացելով նիստը` նախարար Նալբանդյանն ասել է. «2015թ.-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ և կառուցողական երկխոսության, երկկողմ հանդիպումների, տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների: Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի բանակցությունների նախորդ ամսվա մեկնարկը մեր հարաբերություններում նոր էջ է: Հավատացած ենք, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ»:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, և վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, մարդկային շփումների խթանումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:
Էդվարդ Նալբանդյանը կարևորել է նաև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից` կողմերի միջև ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իրենց ելույթներում տեղեկացել են կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2015թ. տնտեսության և դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Խորհրդին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին, ԵՄ երկրներին` Ցեղասպանության հարցում նրանց սկզբունքային մոտեցման համար: Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ և երախտագիտություն հայտնեց ԵՄ երկրներին` ՄԱԿ-ի ձևաչափերում հայկական նախաձեռնություններին սատարելու համար։
Խորհրդի նիստի օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Բերտ Կունդերսի համատեղ մամլո ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին