Սուրենյան. Հանրապետությունում ջերմաստիճանի երկու ռեկորդ է գրանցվել
Հանրապետությունում երեկ ջերմաստիճանի երկու ռեկորդ է գրանցվել՝ Կապանում և Իջևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացմամբ, հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ:
«Երեկ հանրապետությունում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959թ գրանցված ռեկորդը +17.9 աստիճանը:
Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948 թվականին գրանցված ռեկորդը +16.4 աստիճանը»,-գրել է Սուրենյանը:
Նրա խոսքով, ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքնեերում նաև բուք: Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: