ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը վերահաստատում է իր կոչը՝ արագ և թափանցիկ դատական կարգով բացահայտել սպանության ետևում գտնվող պատվիրատուներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։
«Ես հույսով եմ, որ դատավարության վերջին զարգացումները կօգնեն սպանության պատվիրատուներին կանգնեցնել արդարադատության առաջ»,-նշել է Միյատովիչը՝ նկատի ունենալով 2015թ. դեկտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը՝ հաստատել դատախազի ներկայացրած մեղադրական ակտը և հետաքննել 25 պաշտոնատար անձանց։
«Ես հավատում եմ, որ դատավարությունը վերջապես արդարություն կբերի Հրանտ Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների համար։ Պատվիրատուների բացահայտումը նաև ողջ հասարակությանը ցույց կտա արտահատման ազատության կարևորությունը և լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ շարունակական պայքարի անհրաժեշտությունը»,-ասել է Դունյա Միյատովիչը։
Հրանտ Դինքը, ով «Ակոս» շաբաթաթերթի խմբագիրն էր, 2007թ․-ի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում՝ իր խմբագրության առջև։ 2011թ․-ին հարցագործ Օգյուն Սամաստը դատապարտվեց 22 տարի և 10 ամիս ազատազրկման։ Նրա հանցակից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ Սամաստին զենք և գումար տրամադրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան