Ռուբլու արժեզրկման պատճառով վերջին երկու տարիներին նվազել են գինու և կոնյակի արտահանման ծավալները. Ավագ Հարությունյան
«Ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով՝ 2015 թվականը հայկական գինու և կոնյակի արտահանման համար բարենպաստ տարի չէր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ արտահանման շուկայի 90 տոկոսը բաժին է ընկնում հենց Ռուսաստանին, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով վերջին երկու տարիներին զգալի նվազել են գինու և կոնյակի արտահանման ծավալները:
Նրա խոսքերով՝ արտադրողները աշխատել են ոչ միայն առանց շահույթի, այլ նաև՝ վնասով։
«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է, և մեր գործընկերները չեն կարողանում վճարումներ կատարել: Այսինքն՝ ամեն ինչ կախված է Ռուսաստանի տնտեսությունից»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կոնյակի արտադրության ծավալներին, ապա այս տարի սպասվում է արտադրության ծավալների ավելացում, քանի որ մեծ քանակությամբ խաղող է մթերվել: Սակայն գինեգործը չի կարծում, որ արտահանման ծավալները կաճեն:
«Միայն 2018-2019 թթ-ին կունենանք արտահանման կտրուկ աճ: Հիմա համեմատաբար էժան սպիրտ ենք կուտակում, ինչի արդյունքում 2018թ-ից ռուսական շուկայում էժան կոնյակ կարտահանվի»,- նկատեց նա:
Գինեգործների միության նախագահը նշեց, որ նույն խնդիրները առկա են նաև գինու շուկայում. «Արտահանման ծավալները նվազել են և նվազել է ռուբլու անկման համեմատ նաև արժեքը։ Այսինքն՝ այստեղ ևս վնասով են աշխատել մեր արտահանողները»:
Ավագ Հարությունյանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը գինու արտահանման խթանման նոր քաղաքականություն է մշակում:
«Գինի և մրգային օղի արտահանողներին կառավարությունը վերադարձնելու է արտահանման արժեքի 10 տոկոսը, ինչը լուրջ աջակցություն է: Կարծում եմ, որ այս տարի գինի արտահանողների համար բարենպաստ կլինի, իսկ կոնյակ արտահանողների համար՝ ոչ»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ պետք է արտահանման այլ շուկաներ գտնել կամ շեշտը չդնել ռուսական շուկայի վրա, որպեսզի արտահանման ծավալներն ավելանան: