Այս տարվա ընթացքում ՀԹԳՄ-ն կգումարի հերթական համագումարը
Հայաստանի թատերական գործիչների միությունn այս տարի անցկա2ցնելու է հերթական համագումարը: Միության վարչության նիստի ընթացքում որոշվել է թատերական գործիչների միության 16-րդ համագումարն անցկացնել ապրիլի 29-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին միության մամուլի ծառայությունից: Հաստատվել է նաև պատվիրակների ընտրության կարգը. միության 7 անդամներից՝ մեկ պատվիրակ: Վարչության որոշմամբ թատրոնների տնօրեններն ու գեղարվեստական ղեկավարները համարվում են համագումարի պատվիրակ:
Նիստի ընթացքում որոշվել է, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացնել մարտի 26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը (Զատիկը):
Վարչությունը հաստատել է նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների 7 հոգուց բաղկացած հետևյալ կազմը. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության, բեմանկարիչ Մերի Սարգսյան, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան:
Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնակարգում, մասնավորապես, ավելացել է նոր՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգ: Փոփոխությունէ արվել նաև «Լավագույն պիես» անվանակարգի որոշման կապակցությամբ: «Լավագույն պիես» անվանակարգում վճռորոշ կլինի Կարինե Խոդիկյանի՝ «Դրամատուրգիա» գրական հանդեսի կողմից կազմված խմբագրակազմի եզրակացությունը, ինչը հնարավորություն կտա էլ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նոր պիեսները:
Այս տարի որոշվել է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրել Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին, ինչի կապակցությամբ շուտով հրատարակության կհանձնվի՝ միության պատմությանը նվիրված գիրք, որի շնորհանդեսը կկայանա մարտի 26-ին՝ մրցանակաբաշխությունից առաջ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ամեն տարի շնորհվում է հատուկ մրցանակ՝ նվիրված հայ թատրոնի երախտավորներից մեկին, այս տարի կհանձնվի Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում