Նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն պատգամավորի բառապաշարում. Էթիկայի հանձնաժողովի նախագահ
«Ես ընդհանրապես չեմ ողջունում լրագրողների կամ քաղաքացիների նկատմամբ նման արտահայտություններ անելը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը` պատասխանելով Շուշան Պետրոսյանի վարքագծի վերաբերյալ հարցին:
Լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչ կարծիք ունի Էթիկայի հանձնաժողովի նախագահը քաղաքացու հասցեին Հանրապետական պատգամավորուհու կողմից հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ, բայց Բաբայանն ի պատասխան ասաց, որ այդ մասին դիրքորոշում հայտնելը կլինի կանխակալ վերաբերմունք իր կողմից:
«Բայց նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն քաղաքական գործչի, պատգամավորի բառապաշարում», հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով, ինքն էլ սոցցանցերում բավական շատ քննադատություններ է լսում իր հասցեին, բայց երբևէ իրեն թույլ չի տալիս նման ոճով պատասխանել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով»: Պետրոսյանը Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ գրառման տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Բաբայանն այսօր տեղեկացրեց, որ հանձնաժողովը առայժմ պաշտոնապես չի ստացել նամակը: Այն ստանալուց հետո կքննարկեն` արժե՞ ընդունել հանձնաժողովի վարույթ, թե՞ ոչ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան