Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են
Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում 2013 թվականին հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբին հաջողվել է բացել վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող բնակարան, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ և այրվող տանիքը փլվել էր՝ իր տակ թողնելով ամբողջ սենյակը: Պեղման ընթացքում ի հայտ են եկել 5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում (in situ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: Ըստ ամենայնի, դա որոշակի ծիսական արարողությունների իրականացման սենյակ է եղել, քանի որ նրա արևմտյան պատի տակ բացվել է տուֆից պատրաստված օջախ՝ մոխրի մնացորդներով, դրա առջև էլ հարավից հյուսիս դասավորված են եղել կարասները: Սենյակը, ամենայն հավանականությամբ, այրվել է մ.թ.ա. VIII դարում՝ ուրարտական զորաջոկատների Արարատյան դաշտ ներխուժման ժամանակ:
Կարասների բեկորները դուրս հանելուց, խմբավորելուց և մաքրելուց հետո է միայն պարզ դառնում, թե ինչ խեցեղենի կտորներ են հայտնաբերվել: Մաքրելուց և տեսակավորելուց հետո խեցեղենի բեկորները պեղավայրից տեղափոխվել են ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա, որտեղ գտածոները ենթարկվել են քիմիական մաքրման, ապա լվացվել ջրով: Դրանից հետո է միայն պարզ դարձել, որ գերակշռում են հիմնականում երկու կարասի բեկորները, դրանք էլ հավաքվել և վերականգնվել են:
Կարասներից մեկի 156, մյուսի՝ 130 բեկորները հավաքելու համար ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչից մի քանի ամսվա քրտնաջան ու համբերատար աշխատանք է պահանջվել: Տիգրան Զաքյանի խոսքով, սկզբում հավաքվել է կարասի հատակը և միայն աշխատանքի ընթացքում է պարզվել, որ բազմաթիվ պակաս բեկորներ կան: Ըստ երիտասարդ վերականգնողի, առաջին տարին հավաքված կարասը դեռ ամբողջական չի համարում ու պակաս բեկորները այլ նյութով չեն փորձում փոխարինել, մինչև հաջորդ պեղումները, քանի որ չի բացառվում, որ հետագայում նույն բնակավայրի պեղումներից հայտնաբերվեն պակաս կտորները: Միայն այս տարվա պեղումներից հետո է Տիգրան Զաքյանը որոշել ամբողջացնել 2013 թվականին գտնված կարասի բեկորները և բացակա կտորները փոխարինել գիպսով, ապա համապատասխան գունավորում տալ:
Ըստ երիտասարդ վերականգնողի, մի քանի հազար տարվա պատմություն ունեցող իրերի հետ առնչվելու հնարավորությունը նախևառաջ հպարտության զգացողություն է առաջացնում. «Սկզբում, երբ հայտնաբերվում է խեցեղենը, անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունես՝ սափորի, կճուճի, թասի, կարասի թե այլ իրի, բայց միևնույնն է, ուրախության, հպարտության ու նաև մեծ պատասխանատվության զգացողություն ես ունենում…բառերով դժվար է փոխանցել: Հպարտ ես, որ առնչվում ես պատմության տարբեր շերտերի հետ, որ հենց քեզ է տրված բեկոր առ բեկոր հավաքել ու ամբողջացել, ապա սերունդներին փոխանցել մի քանի հազար տարվա պատմություն ունեցող այս կամ այն իրը: Դու կարծես թե երկրորդ ծնունդ ես պարգևում հին աշխարհի պատմության, մշակույթի, կենցաղի մասին վկայող իրերին»:
Կարասների իրանին հանդիպող հորիզոնական, վերադիր գոտիները հատուկ նպատակով են արված, քանի որ նման մեծ կարասները պատրաստվել են մաս առ մաս և իրար ամրացնելիս կարերի հատվածներում նման հորիզոնական գոտիներ էին դրվում, սա կարը թաքցնելու և կարասը ամրացնելու հին հնարք է: Ավարտուն տեսք ստանալուց հետո կարասները կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Երիտասարդ վերականգնողը վստահ է. գտնված երկու կարասները առանձնահատուկ տեղ են ունենալու արգելոց թանգարանում, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող այդ ձևի և չափսի կարասներ չկան թանգարանում: Նման կարասեր հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի և Ծիծեռնակաբերդի երկաթեդարյան հնավայրի պեղումներից: