Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
Հրանդ Դինքի սպանությունը մեծ ողբերգություն էր, որն այսօր Թուրքիայում վերածվել է կատակերգության: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Ըստ նրա, այն մարդը, ով սպանել է Դինքին և սպանությունից հետո նրա արած արտահայտությունը՝ «գյավուր», վկայում է, որ ազգայնական որևէ կազմակերպության անդամ է: Սպանությունից մի քանի օր անց ձերբակալվել էր 17-ամյա Օգյուն Սամասթը:
«Դատավարությունը տևեց շուրջ հինգ տարի, որն ընթացավ բազմաթիվ քննադատություններով, նաև ձերբակալություններով, բայց այդպես էլ իսկական կազմակերպիչները չհայտնաբերվեցին: Դատական գործընթացը շարունակվում է, այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ այս ողբերգությունը Թուրքիայում վերածվել է կատակերգության»,- ասաց Է.Մինասյանը:
Ըստ նրա, Դինքի սպանության իրական պատճառները պետք է փնտրել նրա համարձակ ելույթներում, որոնց ընթացքում դատապարտում էր Թուրքիայում մարդու իրավունքների սահմանափակումը, ազատ խոսքի անմիջական սահմանափակման փաստը, պատմական արդարության շատ գաղափարների դեմն առնելը:
Պատմաբանի խոսքով, հայ-թուրքական սառեցված բանակցության պայմաներում միջազգային հարթակներում խնդրի բարձրացման ուղղությամբ պետք է ակտիվ քայլեր արվեն: Ըստ նրա, նախկին ակտիվությունը չկա. «Հաշվի առնելով Դինքի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, խաղաղության, ժողովրդավարացման հաստատման գործընթացում, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ճնշումներ գործադրի թուրքական իշխանության վրա»:
Նա նշեց, որ այս հարցում վճռականություն՝ գործի ամբողջական բացահայտման, կազմակերպիչների հայտնաբերման ուղղությամբ, թուրքական իշխանությունների կողմից չկա:
«Ուղղակի կասկածում եմ, որ այս գործը մինչև վերջ կբացահայտվի»,- ընգծեց Է. Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս, դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: