Գյումրիի կենդանաբանական այգու հյուծված գիշատիչները շուտով կտեղափոխվեն Ռումինիա
Գյումրիում գործող մասնավոր կենդանաբանական այգու բնակիչ 4 գիշատիչները, որոնք մատնվել էին անտերության և քաղցից հյուծվել, շուտով կտեղափոխվեն Հայաստանից Ռումինիա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նա ու մի խումբ բնապահպան կամավորները երեք ամիս առաջ տեղեկացել են կենդանիների վատ վիճակի մասին, Facebook սոցիալական ցանցում համախմբվել, փրկության էջ բացել և փնտրել են մարդկանց, ովքեր կարող են օգնել կերակրել, պահել ու հարկ եղած դեպքում տեղափոխել նրանց այլ երկիր: Այժմ ծանր վիճակում են հայտնվել երկու արջեր` Մաշան ու Միշան և երկու առյուծ` երկուսն էլ` արու:
Գյումրիում կամավորների խումբը ղեկավարում է Արսեն Վարդանյանը, իսկ արտերկրից օգնություն է հատկացրել Հայկական բնապահպանական ցանցի (Armenian Environmental Network) համակարգող Սերդա Օզբենյանը:
Վերջինի շնորհիվ բնապահպանները գումար են հայթայթել և Արսենի օգնությամբ այգու կենդանիները կարողացել են ուտելիք ունենալ: Սոցիալական ցանցում ստեղծված խմբում Արսենը պարբերաբար տեղադրել է լուսանկարներ` ներկայացնելով, թե ինչ են ուտում կենդանիները ու ինչ վիճակում են:
«Կարողացանք փոքր գումարներով այս ամիսների ընթացքում այնպես անել, որ կենդանիները ուտելիք ունենան գոնե: Արսենը տիտանական գործ է արել, բացի ուտելիքից, տաքացրել են կենդանիների մոտ, որ չմրսեն, ծղոտներ փռել նրանց տակ, խնամել: Լուրջ գործ են արել, որը իրենց վրա չի վերցրել ոչ մեկը», -հավելեց տիկին Ադամյանը:
Գյումրու մինի Կենդանաբանական այգին մասնավոր կառույց է, հիմնադրվել է 2010 թվականին: Դրա տնօրեն Ստեփան Վարդանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարողանում այլևս հետևել կենդանիներին, քանի որ դրա համար նաև չկան բավարար ֆինանսական միջոցներ:
«Ստեփան Վարդանյանը ստորագրեց և համաձայնություն տվեց, որ կենդանիների մասին հոգ տանեն ու հետո նրանց տեղափոխեն Ռումինիա», -փոխանցեց Ադամյանը:
Նրա խոսքով, կամավորների օգնությամբ հայտնաբերվել է հիմնադրամ, որը պատրաստ է օգնել կենդանիներին տեղափոխելու հարցում: Ռումինիայում համապատասխան վերականգնողական կենտրոնը կզբաղվի կենդանիների վերականգնմամբ:
Հունվարի 19-ին բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձել էր կենդանիների պահման պայմաններին, գրել, որ Գյումրիի կենդանաբանական այգին «աշխարհի ամենատխուր վայրն է»,- որտեղ կենդանիները վատ պայմաններում են ապրում: Տիկին Ադամյանի խոսքով, բրիտանական պարբերականը ըստ էության ներկայիս իրավիճակը չի ներկայացրել, քանի որ կենդանիներն այժմ համեմատաբար լավ պայմաններում են:
«Նրանք եկել էին երկու ամիս առաջ, բայց հայտնի չէ` ինչու են հիմա անդրադարձել այդ խնդրին, երբ ինչ-որ խնդիրներ արդեն իսկ լուծված են: Բայց միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այդ հոդվածից հետո 1000-ից ավելի էլեկտրոնային նամակ ենք ստացել, ովքեր պատրաստակամ են օգնել կենդանիներին»,- փոխանցեց Ադամյանը:
Բնապահպանը տեղեկացրեց նաև, որ այս հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը: Բացի այդ, այս դեպքը նաև առիթ է եղել, որ նախարարությունում մտածեն մասնավոր կենդանաբանական այգիների ու դրանցում պահվող կենդանիների հաշվառում իրականացվի, ինչպես նաև կարգավորվի օրենսդրական դաշտը:
Լուսանկարները վերցված են ֆեյսբուքյան «Sos Gyumry Zoo Animals» խմբից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան