Ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր առաջարկներն ու գաղափարները կքննարկվեն. ՀՀԿ-ական
Ընտրական նոր օրենսգրքի փոփոխված նախագիծը, որը կառավարությունը, հավանաբար, փետրվարի սկզբին կներկայացնի Ազգային ժողովին, կանցնի քննարկումների մեծ ու ընդգրկուն փուլ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ, լսումներ, և ես խոսել եմ ԱԺ նախագահի հետ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ և ընդդիմադիր գործընկերների, և բոլոր շահագրգիռ մարմինների կողմից դա լսելի դառնա», -փոխանցեց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով, դաշտում այսօր գոյություն ունեցող առաջարկները, թեմաները, որոնք կապված են ընտրական գործընթացների հետ, «քննարկման առարկա կդառնան»:
Անդրադառնալով Հայ Ազգային կոնգրես խմբակցության հայտարարությանը, որում այդ քաղաքական ուժը առաջադրել էր մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կարող է բարելավել Հայաստանում ընտրական գործընթացները, Սահակյանն ասաց, որ այս պահին չի կարող այդ առաջարկության բովանդակության մասին տեսակետ հայտնել և հավելեց. «Մի բան ուղղակի կարող եմ ասել` այն, ինչ ՀԱԿ-ն է ներկայացրել, շատ ավելի լայն է ու շատ ավելի մեծ լծակներ և հնարավորություններ է տալու հետագայում ընտրական գործընթացները կազմակերպելու համար»:
Հետաքրքվեցինք պարոն Սահակյանից, այսինքն, կարելի է եզրակացնել, որ նրանց համար ընդունելի՞ են ՀԱԿ-ի ներկայացրած խնդիրները, իշխանական մեծամասնության ներկայացուցիչը պատասխանեց. «Այս պահին ես բովանդակային հարցեր չեմ կարող քննարկել, իսկ եթե կլինեն կետեր, որոնք մեզ համար ընդունելի չեն լինի, անպայման բովանդակային պատճառաբանություն կտրվեն դրանց»:
Պատգամավորն ասաց, որ մինչև հունիսի 1-ը ժամանակ ունեն և մինչ այդ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունված լինի:
«Շտապելու որևէ խնդիր չունենք, կքննարկենք և կանցկացնենք», -հավելեց պատգամավորը:
Սահակյանի կարծիքով, Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսենսուս կա:
«Անպայման, ես կարծում եմ, բոլոր քննարկվող գաղափարները տեղ կգտնեն ներկայացվող օրենսգրքի նախագծում», -հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան