IFAD-ը կարևորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը. Խալիդա Բուզար
IFAD-ի համար Հայաստանը ճանաչելի է որպես նորարարական և հաջողված ծրագրերի փորձ ունեցող երկիր: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի երկրների տնօրեն Խալիդա Բուզարին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Խալիդա Բուզարը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (FREDA) գործունեության կապակցությամբ և նշել, որ մեր երկրում իրականացված ծրագրերի հաջող փորձն օրինակելի և օգտակար կլինի IFAD-ի մյուս գործընկեր երկրների համար:
Զրուցակիցներն, անդրադառնալով համագործակցության հետագա զարգացմանը, քննարկել են համատեղ հաջորդ ծրագրին վերաբերող մանրամասներ: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է դրանում ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունների արտացոլումը, ինչպես նաև ծրագրում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը, ինչը ևս մեկ էական քայլ կլինի Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ:
Խալիդա Բուզարը նշել է, որ IFAD-ը կարևորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրերի նախաձեռնումը: