Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունն ապահովող նախագիծը հաստատվեց
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի Հայաստանի կառավարությանը հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության բարձրացմանը նպաստելու համար: Այս մասին որոշումը հաստատվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև 2015 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված փաստաթղթով իրականացվելու է Հայաստանում «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանմանն ուղղված ջանքերի իրագործման հարցում: Հատկացվող միջոցներն ուղղվելու են «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերի թվայնացմանն ու հրապարակմանը, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերի և Հանրային իրազեկման որոշակի գործողությունների իրականացմանը:
«Ծրագրի իրականացման ժամկետը նախատեսվում է 2015թ. նոյեմբերի 12-ից մինչև 2017թ. հուլիսի 11-ը` 356 հազար 205 դոլար ընդհանուր բյուջեով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 254 հազար 650 դոլարը, իսկ 2017թ.` 101 հազար 555-ը»,- ասաց Հարությունյանը:
Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը:
Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկատվության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված` Հայաստանի Հանրապետության ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
Ծրագրի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվություն հասանելի կդառնա հետաքրքրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների, կրթության ոլորտի ներկայացուցիչներին և քաղաքացիներին, ինչը նպաստի կհանգեցնի կառավարության հետ հանքարդյունաբերության ոլորտի վերահսկման և քաղաքականության մշակման շուրջ տեղեկացված երկխոսության ձևավորմանը: Միաժամանակ, ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված առաջին քայլերի իրականացման միջոցով ծրագիրը հանքարդյունաբերության ոլորտի առավել մտահոգիչ կողմերի` ներառյալ հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների վերաբերյալ բազմակողմ` կառավարություն-բիզնես-քաղաքացիական հասարակություն հանրային քննարկումների սկիզբ կդնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները