Պուտին. Ռուբլու արժեզրկումը նոր հնարավորություններ է ստեղծում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզվածություն է հայտնել, որ ռուսական բիզնեսին հաջողվեց հաղթահարել տնտեսական ճգնաժամը: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին Պուտինը հայտարարել է փոքր ու միջին բիզնեսին նվիրված ֆորումի շրջանակներում:
Աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահի խոսքով վերջին երկու տարիները դժվարին ժամանակներ են եղել տնտեսության համար, սակայն ռուսական բիզնեսին հաջողվել է դիմագրավել այդ դժվարություններին:
Ինչպես հաղորդվում է, Պուտինը նաև անդրադարձել է ռուբլու արժեզրկմանը՝ նշելով, որ պետք է օգտվել ստեղծված վիճակից, քանի որ անկումն ու փոխարժեքային տատանումները նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար:
Այսօր ավելի վաղ պարզ դարձավ, որ ռուսական ռուբլու փոխարժեքը իջել է ռեկորդային ցածր մակարդակի:
Իրավիճակին անդրադարձել է նաև ՌԴ Կենտրոնական բանկի նախագահը՝ հայտարարելով, որ ռուբլին այսօր մոտ է իր ֆունդամենտալ հիմնավորված փոխարժեքին: