Վարդան Աճեմյանը «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունում արտացոլել է իր խոհափիլիսոփայական ըմբռնումները
Երաժշտության ոլորտում 2015 թվականի պետական մրցանակի համար ներկայացվել է տարբեր ժանրերի չորս ստեղծագործություն ՝ սիմֆոնիա, բալետ, լարային կվարտետ, կոնցերտային պոեմ: Երաժշտության ոլորտի հանձնախումբը քվեարկության արդյունքում պետական մրցանակի է ներկայացրել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանին՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար: ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ 2015 թ. պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց երաժշտության ոլորտի հանձնախմբի նախագահ Դավիթ Ղազարյանը:
Վարդան Աճեմյանն իր խոսքում նշեց, որ պետական մրցանակ ստանալն իր համար մեծ պատիվ է, ու երախտապարտ է իր ստեղծագործությունն այսպիսի բարձր գնահատականի արժանացնելու համար:
Կոմպոզիտորի խոսքով, «Հնչյունի թատրոն»-ը վերջին տարիների իր մեծակտավ ստեղծագործություններից է, որում արտացոլել է իր խոհափիլիսոփայական ըմբռնումներն ու վերհուշը կյանքի և ստեղծագործական ուղու առավել կարևոր հանգրվանների մասին:
«Այս ստեղծագործության համար ստացած բարձրագույն պարգևը նոր լիցքեր է հաղորդում առավել մեծ եռանդով և նվիրվածությամբ աշխատելու համար»,- ասաց Վ.Աճեմյանը:
Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար:
Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ: Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:
Մրցանակը ստեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի դիվանագիտական կառույց չի կարող ներկայացնել իր ժողովրդին այնպես, ինչպես գիտությունը և մշակույթը. Հակոբ Մովսես
- Թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում 2015 թ. պետական մրցանակի դափնեկիրներ չկան
- Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում