Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ. ՀՀ նախագահ
«Համոզված եմ, որ գիտական նոր նվաճումը կամ արվեստի նոր ստեղծագործությունը իր իսկական գնահատականը ստանում է ավելի ուշ, երբ անցնում է ժամանակի քննությունը: Դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք հարյուր կամ երկու հարյուր տարի և հետո միայն գնահատենք, թե ով ինչ է արել: Համոզված եմ նաև, որ ժամանակակիցները պատասխանատվություն ունեն ստեղծագործողների և հայտնագործողների առջև: Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ: Սա հասարակության ու պետության արժեքային համակարգը վերահաստատելու պարտադիր միջոց և պայման է»,- ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ 2015 թ. պետական մրցանակները հանձնելուց հետո իր շնորհավորական խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Շարունակելով իր խոսքը` ՀՀ նախագահն ասաց. «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների իմաստը ես առաջին հերթին տեսնում եմ հենց դրանում: Մենք մատնանշում ենք, կարևորում ենք, հանրությանն ի ցույց ենք դնում այն, ինչը արժանի է գնահատականի այսօր և այստեղ:
Հարգելի՛ ներկաներ,
Մենք այս տարի ունենք անվանակարգեր, որոնց հետ կապված ես, իհարկե, երկակի զգացողություն ունեմ: Մի կողմից՝ տխուր եմ, որ, օրինակ, թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում չունենք մրցանակակիրներ, մյուս կողմից՝ ուրախ եմ, որ մեր համապատասխան հանձնաժողովները խստապահանջություն են դրսևորել, որովհետև եթե մենք չափորոշիչներն իջեցնենք, սրանով ուղղակի կարժեզրկենք մեր պետական մրցանակները: Այնպես որ հանձնաժողովների անդամներին և նախագահներին, որտեղ մենք չունենք մրցանակակիրներ, ես ոգևորում եմ, խրախուսում եմ՝ շարունակել նույն ոգով: Հուսով եմ, որ այս անվանակարգերում հաջորդ տարիներին մենք իսկապես կունենանք արժանավոր թեկնածուներ:
Հարգելի՛ դափնեկիրներ,
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր արժեքավոր աշխատանքի համար և կրկին շնորհավորում եմ այս պատվավոր մրցանակներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ նոր գիտական և ստեղծագործական ձեռքբերումներ՝ ի փառս մեր երկրի, նրա գիտության և մշակույթի»: