Հայաստանի Ազգային պատկերասրահը հնարավոր է նոր շենք ունենա
Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
«Շենքային պայմանները վաղուց ծանրացած հարց է: Այս պահին հստակ ոչինչ չկա, բայց ղեկավարությունը շատ է ուզում այս հարցը լուծել: Այս ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են կատարվում, և, հուսով եմ, որ գոնե այս տարի պաշտոնապես կհայտարարվի Հայաստանի Ազգային պատկերասրահին նոր շենքի տրամադրման մասին: Չգիտեմ, չեմ կարող ասել, թե որտեղ կլինի դա»,- ասաց նա:
Ա.Ծատուրյանի խոսքով, իր երազանքներից է նաև, որ պատկերասրահի վերականգնողական բաժինը կենտրոն դառնա. «Այս պահին որոշակի բանակցություններ ենք վարում Ռուսաստանի Գրաբարի անվան հայտնի վերականգնողական կենտրոնի հետ, այստեղ մասնաճյուղ բացելու շուրջ: Դա կլինի մի հզոր կենտրոն, և ռուսները պետք է ներդրումներ անեն այստեղ: Եթե հաջողվի նախագիծը, կունենանք տարածաշրջանային լավագույն, հզոր կենտրոններից մեկը»,- նշեց Ա.Ծատուրյանը: