«Արմենիա». Ծովից ծով» ֆիլմը՝ պետական մրցանակի դափնեկիր
««Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի ստեղծագործական խումբն արժանացել է ՀՀ 2015 թվականի պետական մրցանակի՝ կինոարվեստի ոլորտում: Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանն այսօր նախագահական նստավայրում ստացած իրենց մրցանակը:
Վահե Կևորկովը շնորակալություն հայտնեց կինոոլորտի հանձնախմբի անդամներին իրենց ֆիլմը նման մրցանակի արժանացնելու համար:
«Նավի անձնակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահին, քանի որ տաս տարի առաջվա մեր երազանքը, հույսերն իրականացան ձեր աջակցությամբ: Շնորհակալ եմ նաև Զորի Բալայանին՝ այս մեծ ու բարդ ֆիլմն ինձ վստահելու համար»,- ասաց նա:
«Արմենիա». Ծովից ծով»-ն պատմում է մոտ երկու տարի ու երեք ամիս տևացած «Արմենիա» առագաստանավի նավարկույթան մասին: Ճամփորդության ընթացքում առագաստանավն անցել է 80 հազար կիլոմետր, երեք օվկիանոսներում և հինգ մայրցամաքներում է եղել, որտեղ էլ հանդիպել է տարբեր երկրների հայկական համայնքներին: Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի համանուն գրքի հիման վրա:
Կինոոլորտի հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանն ասաց. «2015 թվականն առանձնահատուկ խորհուրդ ուներ: Այն ներթափանցված էր ոչ միայն մեր ժողովրդի ապրած ողբերգության հիշողությամբ, այլև պատմության հարցերին հայկական պատասխաններ ցույց տալու գաղափարով: Այդպիսի մի պատասխան էր նաև դեռևս մի քանի տարի առաջ «Արմենիա» նավի ճամփորդությունն աշխարհի ծովերով, օվկիանոսներով, որն ինքնին խորհրդանշում էր մեր վերակերտվող պետականությունը, մեր ազգային կենսական ու բարոյական ուժերը և, ըստ էության, հասցեավորում հայ ժողովրդի ստեղծագործ ներկայությունն աշխարհի ամենատարբեր մայրցամաքներում: Նորօրյա ոդիսականն ամենյան մանրամանությամբ, մեծ արտահայտչականությամբ արտացոլված է Զորի Բալայանի գրքում: Բայց ճամփորդության ողջ ընթացն օր առ օր նկարահանվել է որպես կինոփաստագրություն, արդյունքում ստեղծվել է «Արմենիա». Ծովից ծովի» ֆիլմը, որը լավագույնս կարող է ինչպես մեզանում, սփյուռքում, այնպես էլ հայկական շրջանակներից դուրս ներկայացնել մի փոքրիկ, բայց համարձակ նավի պատմություն, իր փոքրիկ, բայց նույնքան համարձակ նավավարներով, որոնց հավաքական կերպարը ներկայացում է Հայաստանը»:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Աճեմյանը «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունում արտացոլել է իր խոհափիլիսոփայական ըմբռնումները
- Ոչ մի դիվանագիտական կառույց չի կարող ներկայացնել իր ժողովրդին այնպես, ինչպես գիտությունը և մշակույթը. Հակոբ Մովսես
- Թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում 2015 թ. պետական մրցանակի դափնեկիրներ չկան
- Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը