Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել
Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է «տառապանք հայերին» գրությունը: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա արժանացել էր հավաքի մասնակիցների խիստ արձագանքին, քանի որ Դինքի սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթն է սպիտակ բերետ կրելիս եղել:
Աղբյուրը նշում է, որ Ստամբուլի Գալֆայան դպրոցը հիմնվել է 1866թ.՝ Սրբուհի Մայրապետ Նշան Գալֆայանի կողմից: 1971թ. դպրոցը տեղափոխվել է Սկյուտար: