Ռալֆ Յիրիկյանի հորդորը. Խնդիրները լուծելու համար պետք է ազատվել հուսահատության գերությունից
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում հյուրընկալվել են Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան գյուղում բնակվող Հովհաննիսյաններին:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Հովհաննիսյանները Բագրավան են տեղափոխվել քառասուն տարի առաջ՝ սահմանամերձ Խարկով գյուղից: Գնել են կոմունալ տարրական հարմարություններ չունեցող երեքսենյականոց տուն՝ փորձելով վերանորոգել այն: Աճող ընտանիքի հոգսը, սակայն, այդ հնարավորությունը չի տվել: 23 տարի առաջ նրանց հաջողվել է միայն փոխել տանիքը, որն էլ ժամանակի ընթացքում նորից քայքայվել է: Տասն անձից բաղկացած Հովհաննիսյանների համար նոր հնարավորություների ժամանակ է սկսվել:
«Այս ծրագիրն իսկական փրկություն էր մեր ընտանիքի համար: Տանը նույնիսկ ննջասենյակներ չկային, էլ չեմ ասում խոհանոցի ու սանհանգույցի մասին: Այժմ բոլորովին այլ է. ունենք բարեկարգված տուն, տղաներս երկուսն էլ ամուսնացել են, իրենց ընտանիքներն ունեն: Բոլորիս երազանքն իրականություն է դարձել»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրը՝ Գրիգորը:
«Այս և մյուս համայնքներում աշխատանքներն իրականացվել են սիրով և կարևոր առաքելությամբ: Նման ծրագրերով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին հորդորել, որ խնդիրները լուծելու համար ազատվեն հուսահատության գերությունից: Եվ որքան վճռական ու հաստատակամ լինեն`այնքան արագ կհասնեն արդյունքի: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են շինարարությանը, յուրաքանչյուր քարի հետ՝ տան պատերում ամրացրել են ապագայի հանդեպ լավատեսությունն ու հավատը: Տարիներն իրենց հետ կտանեն և ՛ֆիզիկական աշխատանքի ծանրաբեռնվածությունը, և՛ դժվար անցյալի հիշողությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընտանիքին տրված մի փոքր հնարավորությունն անգամ բացահայտում է թաքնված ներուժը: Այս ընտանիքի տղաները տունն ամբողջությամբ իրենք են նորոգել, ձևափոխել, շինարարական լուծումներ գտել: Համոզված եմ, որ այս ընտանիքի համար դա նվաճումների սկիզբն է միայն»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Արդյունքից օգտվել է 93 ընտանիք: