Մենք որևէ քաղաքական ուժի հետ քաղաքական առևտրի չենք գնում, այլ գնում ենք համագործակցության. Բաղդասարյան
Հանրապետական և Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունները հնարավոր է առաջիկայում հայտարարեն համագործակցության մասին: Այս երկու ուժերի առաջնորդների միջև եղել է առանձնազրույց: Երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ եղել է առաջարկություն, և իրենց համար դա «սկզբունքորեն ընդունելի է»:
ՀՅԴ-ի և այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին Panorama.am-ի հարցերին պատասխանել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը
-ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք համաձայն են Հանրապետական կուսակցության հետ համագործակցության և այժմ գտնվում են բանակցությունների նախնական փուլում: Դուք որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կմանրամասնե՞ք, ինչի շուրջ են բանակցություններն ընթանում:
-Հրանտ Մարգարյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եղել է առանձնազրույց նրանց միջև: Կուսակցությունում դեռ բանակցություններ չկան, իսկ երբ կլինեն բանակցություններ, այդ մասին բոլորին տեղյակ կպահենք:
-Առանձնազրույց ինչի՞ մասին:
-Հանրապետության նախագահի հետ ունեցել են առանձնազրույց: Ավելին չեմ կարող ասել: Հրանտ Մարգարյանն ասել է ամեն ինչ: Կուսակցության հետ բանակցություններ չեն սկսվել: Հանրապետական խմբակցությունում նման բանակցություններ դեռ չկան:
-Կոալիցիա ձևավորելու հետ կապվա՞ծ:
-Այո, կոալիցիա ձևավորելու հետ կապված բանակցություններ մենք չենք ունեցել խմբակցությունում:
-Լավ, այս պահին ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, հստակ ի՞նչ կարող եք ասել:
-Հստակ որևէ բան չեմ ասելու, որովհետև երբ կլինեն նմանատիպ բանակցություններ, իսկ դա չի բացառվում, այդ ժամանակ Ձեզ կտանք ինֆորմացիա: Մինչև պորտֆելների հարցին անցնելը, պետք է ճշտել, հասկանալ, թե ինչ տիպի համագործակցություն է լինելու` կոալիցիա է լինելու, թե այլ բան, ժամկետների հետ կապված հարցը: Իսկ պորտֆելների հարցը կմնա վերջում` թե ինչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա: Դրանք երկրորդական հարցեր են:
-Այսօր մամուլն արդեն գրել էր, որ Դաշնակցությունը մեծ պահանջներ ունի:
-Այդ մամուլը, բնականաբար, իր համար պետք է հետաքրքրացնի իր էջերը ու ենթադրություններ անի, իսկ մենք ենթադրություններով չենք շարժվում:
-Այդուհանդերձ, պարոն Բաղդասարյան, ի՞նչ է պատրաստ հանձնել Հանրապետականը Դաշնակցությանը:
-Մենք հանձնելու որևէ բան չունենք: Համագործակցելու, խնդրեմ, ունենք: Համագործակցության տարբեր ձևեր կան` քաղաքական համագործակցություն, քաղաքական կոալիցիա, որի մասին պարզ կդառնա բանակցությունների արդյունքում:
-Պարոն Բաղդասարյան, Հանրապետական կուսակցության «թիրախում» համագործակցության համար միայն Դաշնակցությունն է, թե՞ այլ ուժեր ևս կան:
-Հանրապետականը թիրախ չունի: Հանրապետականը բոլորի հետ պատրաստ է բանակցություններ վարել, համագործակցել: Եթե բանակցությունների արդյունքում կլինեն պայմաններ, որի դեպքում կհամընկնեն մեր ընդհանուր գաղափարները, ծրագրային դրույթների հետ կլինի համաձայնություն, ինչպես նաև համաձայնություն պատասխանատվությունը կիսելու, մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել:
-ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իր ղեկավարած կուսակցությունը որևէ մեկի հետ քաղաքական առևտրի մեջ չի մտնի, հավանաբար, ակնարկելով Դաշնակցությանը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
-Մենք որևէ քաղաքական ուժի հետ քաղաքական առևտրի չենք գնում, մենք գնում ենք համագործակցության: Տարիներ առաջ և անընդհատ նշել ենք, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որոնք կբավարարեն մեր նշած պայմաններին, ինչի մասին խոսեցի` դրանք գաղափարներն են, դրանք ծրագրերն են, պատասխանատվություն կրելն է: Ժամանակին կային քաղաքական ուժեր, որոնք ասում էին` մենք պատասխանատվություն կրել չենք ուզում, մենք միայն վերահսկողություն ենք ուզում: Մենք նման համագործակցությանը դեմ ենք:
-Հնարավո՞ր է, որ այդ համագործակցության շրջանակներում խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն միասնական ցուցակով մասնակցեն:
-Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց դա հայտնի կլինի բանակցության արդյունքներով: Իսկ բանակցությունները դեռ սկսված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին