Հիվանդների 99%-ն առանց առողջական խնդրի դուրս է գրվում. Արմեն Մուրադյան
«Այս պահին սուր շնչառական հիվանդությունների ու H1N1 վիրուսի տարածման կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ արձանագրվում է հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության նվազում:
Ներկայացնելով սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության իրավիճակը՝ նախարարն ասաց, որ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ:
«124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո: Հունվարի 18-ին գրանցված սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից այս պահին 982-ն են հիվանդանոցներում, երեխաների թիվը 1066-ից նվազել է շուրջ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,- ասաց նախարարը:
Արմեն Մուրադյանի խոսքերով՝ յուրաքանչյուր տարի թոքաբորբով հիվանդացություն լինում է, այն պայմանավորված է գրիպի առանձին ենթատեսակներով. «Ունենում ենք ծանր թոքաբորբեր, նրանցից որոշ մասը վերակենդանացման բաժիններում են բուժում ստանում: Կան նաև դեպքեր, որ թոքաբորբից մահանում են»:
Ըստ նրա՝ այս պահին H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:
Նախարարը կարևորեց մարդկանց բարձր զգոնությունը և հնարավորինս վաղ փուլում դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Նա նաև խորհուրդ տվեց չմոռանալ գրիպի դեմ ժողովրդական միջոցներով պայքարելու մասին:
«Մենք դրանց դեմ չենք՝ հաշվի առնելով, որ դրանք դարավոր քննություն են անցել և շատ արդյունավետ են»,- ասաց Ա.Մուրադյանը:
Նաև ընդգծեց, որ գրիպի համաճարակից շատ հեռու էինք, անգամ, ըստ նրա, համաճարակային բռնկումից էինք հեռու:
Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղամիջոցին և լուրերին, թե դեղը ձեռք բերելու մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, Արմեն Մուրադյանն ասաց, որ «Տամիֆլյու» դեղամիջոցի ներկրման հետ կապված որևէ մենաշնորհ չկա. «Տամիֆլյուն միշտ եղել է հիվանդանոցային ցանցում, հունվարի 13-ից եղել է պոլիկլինիկական ցանցում անվճար, հիվանդանոցային ցանցում նույնպես միշտ եղել է անվճար: Որևէ հիվանդ չկա, որ կարիք է ունեցել և չի ստացել դեղամիջոցը: Եթե հարցը վերաբերում է դեղատնային ցանցին, ապա դեղամիջոցը կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող, որն իր դեղատնային ցանցում կամ մեծածախ առևտրային գործունեության ընթացքում կարող է ներկրել և վաճառել: Մենք պահանջարկը բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում և ապահովվել ենք անվճար: Այս պահին ունենք համապատասխան պաշարներ և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին