Արցախի նախագահ. Մեր պետության կյանքում չափազանց մեծ է դատական համակարգի դերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Դատական համակարգի հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարևոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության և քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները: Եվ հատկապես մեր պետության կյանքում, որն արդեն 25 տարի ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու զարգացման ճանապարհով, չափազանց մեծ է դատական համակարգի` որպես իշխանության հիմնական ճյուղերից մեկի դերակատարությունը:
Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը մեծագույն պատասխանատվության ու հայրենիքին նվիրվածության զգացումով է իրականացնում իր առաքելությունը և այսուհետ էլ կանի հնարավորն առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար: Ձեր ամենօրյա արհեստավարժ ու անաչառ աշխատանքի արդյունքում է նաև ձևավորվում մեր ժողովրդի վստահությունը արդարության պաշտպանության, նրա հաղթանակի և, ընդհանուր առմամբ, իշխանությունների գործունեության հանդեպ:
Մենք կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման գործընթացը՝ ի նպաստ դատական համակարգի շարունակական կատարելագործման ու զարգացման:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքում»:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար համակարգի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում