Եթե գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին. Կարեն Ճշմարիտյան
«Եթե Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն նախադրյալներ, որ ռուսական կողմը չի մերժի գազի գինը նվազեցնելու հայկական կողմի խնդրանքը:
«Կառավարությունը դիմել է, և երբ պատասխանը լինի, բոլորս կիմանանք: Աներկբա է, որ էներգակիրների գները տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն: Դա վերաբերում է ոչ միայն գազին: Կարծում եմ, որ մեր տնտեսվարողների, հատկապես նրանց համար, ովքեր գազի, ինչպես նաև էլեկտրաէնեգիայի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը սխալ է»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Հարցին, թե եթե մերժեն, ապա հնարավո՞ր է, որ Հայաստանը հրաժարվի ռուսական գազից և Իրանից ավելի էժան գազ ներկրելու ծրագիր սկսի, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. «Դրանք բանակցությունների թեմաներ են, երկուսն էլ մեր գործընկերներ երկրներն են, մանավանդ հիմա հանվում են Իրանի նկատմամբ կիրառվող որոշակի պատժամիջոցները, և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»:
Կարեն Ճշմարիտյանի խոսքերով՝ դա կանխատեսելով, նախորդ տարեվերջին կազմակերպել են գործարար հանդիպումներ: Ըստ նրա՝ իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանով: «Իրանցիները առաջին հերթին Հայաստանը դիտարկում են որպես հարթակ՝ դուրս գալու ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաև օգտագործելու Հայաստանի հնարավորությունները, մասնավորապես, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ունեցած արտոնյալ առևտրային ռեժիմները: Միաժամանակ հայկական ընկերությունները բանակցություններ են վարել 250 իրանական ընկերությունների հետ, մի քանիսն Իրանում նույնիսկ ներկայացուցչություններ են բացել»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին