Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել 7 պատգամավորի վերաբերյալ լրագրողի դիմումը
Այսօր ԱԺ Էթիկայի հանձնաժողովում տեղի ունեցած նիստում որոշվեց վարույթ ընդունել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը` ԱԺ 7 պատգամավորների վարքագծի վերաբերյալ:
Հիշեցնենք` լրագրողը տեսանկարահանել էր` ինչպես են 7 պատգամավորներ` Հանրապետական խմբակցությունից Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը, խախտել պատգամավորական էթիկայի նորմերը և քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը հայտարարեց, որ բոլոր հիմքերը կային դիմումը վարույթ ընդունելու համար: Այդ հարցով նիստը կկայանա փետրվարի 1-ին: