Ոչ մի դիվանագիտական կառույց չի կարող ներկայացնել իր ժողովրդին այնպես, ինչպես գիտությունը և մշակույթը. Հակոբ Մովսես
«Կասկած չկա, որ մեր երկրի մշակութային, գիտական կյանքի բարձրագույն պարգևին արժանանալով՝ մենք առաջին հերթին պատվի արժանացած ենք զգում ոչ թե մեզ, այլ հենց մշակույթն ու գիտությունը»,- ՀՀ նախագահից գրականության և հրապարակախոսության ոլորտում «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար ՀՀ 2015 թվականի պետական մրցանակն ստանալով՝ ասաց Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես):
Նա ընդգծեց, որ ոչ մի դիվանագիտություն և դիվանագիտական կառույց չի կարող ներկայացնել իր ժողովրդին այնպես, ինչպես գիտությունը և մշակույթը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել են ՀՀ 2015 թ. պետական մրցանակներ, որոնց հանձնման արարողությունը կայացավ այսօր նախագահի նստավայրում:
«18-րդ դարից մրցանակները գոյություն ունեն: Մրցանակը հեղինակի վրա ընդամենը մի պահ ուշադրություն հրավիրելու նպատակ ունի»,- ասաց նա:
Գրականության և հրապարակախոսության ոլորտ հանձնախմբի անդամ Արծրուն Ավագյանն ասաց, որ ժամանակակից հայտնի գրողներ Գուրգեն Խանջյանը, Ռազմիկ Դավոյանը, Հուսիկ Արան, Արևշատ Ավագյանը և այլ արժանավոր գրողներ նույնպես առաջադրված են եղել այս մրցանակի համար, սակայն քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հենց Հակոբ Մովսեսը:
«Հակոբ Մովսեսը ստեղծել է ներքին խորհուրդներով, ներքին գեղեցկություններով, լեցուն իմաստնություններով բանաստեղծություններ: Հանձնաժողովը միանգամայն արդարացի է գտնվել՝ նրան առաջադրելով պետական մրցանակի»,- ասաց Ա.Ավագյանը:
Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար:
Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ: Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:
Մրցանակը ստեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:
Հարակից հրապարակումներ`
- Թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում 2015 թ. պետական մրցանակի դափնեկիրներ չկան
- Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը