Զուրաբյանը ԵԼԴԱ-ի նախագահին խնդրել է դեմ քվեարկել հակահայկական բանաձևերին
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ է հղել Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Ալյանսի նախագահ Հանս վան Բաալենին: Նամակում Զուրաբյանը կոչ է անում դեմ քվեարկել հակահայկական բանաձևերի նախագծերին: Անգլերեն նամակի թարգմանված տարբերակը լրատվամիջոցներին է ուղարկել ՀԱԿ մամուլի ծառայությունը:
«Հարգելի պարոն վան Բաալեն,
Հայ Ազգային Կոնգրեսի անունից սույն նամակով հայցում եմ Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Ալյանսի (ԵԼԴԱ) աջակցությունը ԵԽԽՎ֊ի ձմեռային նստաշրջանի ժամանակ հունվարի 26-ին Ստարասբուրգում քննարկվելիք երկու բանաձևերի նախագծերի վերաբերյալ։
Նախագծերը, որոնցից մեկը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներումբռնության էսկալացիա» (զեկուցող՝ Ռոբերտ Վալթեր), իսկ մյուսը՝«Ադրբեջանի սահմանամերձ բնակիչները դիտավորյալ զրկված են ջրից» (զեկուցող՝ Միլիցա Մարկովիչ), պարունակում են ձևակերպումներ, որոնք, ընդունվելու դեպքում, չափազանց մեծ վնաս կհասցնեն ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահներ՝ ԱՄՆ֊ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ամբողջ գործընթացին։
Այդ իսկ պատճառով խնդրում եմ առաջարկել ԵԽԽՎ-ում ԵԼԴԱ-ի խմբի անդամներին քվեարկել այդ բանաձևերի դեմ՝ հետևյալ հիմնավորումներով։
1. Առաջարկված նախագծերը խարխլում են Մինսկի Խմբի համանախագահների առաջնորդած բանակցությունների գործընթացը։ Պատասխանելով ԵԽԽՎ֊ում շրջանառվող զեկույցի և բանաձևի մասին ստացված հարցերին, ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները հրապարակել են հայտարարություն, որում ասված է. «Նկատի ունենալով բանակցությունների նրբազգացությունը, դրանց ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու ջանքերը կարող են վնասել բանակցությունների գործընթացին և խանգարել կարգավորման ընթացքին»:
2. Թեև Ռոբերտ Վալթերը նախագծի Բացատրական Հուշագրում ընդունում է, որ զեկուցողի «նպատակը չի եղել երկու կողմերի համար միակ ընդունելի միջնորդի՝Մինսկի Խմբի դերակատարության փոխարինումը, ո՛չ էլ երկարատև հակամարտության լուծում առաջարկելը», նա, այնուամենայնիվ, բանաձևի 14րդ պարբերությունով առաջարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման սեփական տարբերակը, որը խստիվ հակասում է Մինսկի Խմբի շրջանակներում ներկայումս քննարկվող հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին, որ բազմիցս հրապարակվել են համանախագահների կողմից (տե՛ս, օրինակ, http://www.osce.org/mg/118419).
3. Երկու նախագծերն էլ օգտագործում են ձևակերպումներ, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղն ու նրանից դուրս տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից։ Դա հակասում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի բանաձևերին։ 822 (1993) բանաձևը որպես գրավող ուժ հստակ մատնանշում է Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերը», իսկ 884 (1993) բանաձևը կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ունեցած ազդեցությունը՝ նրանց կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բանաձևերի կատարելուն հասնելու նպատակով։ Նախագծերը հակասում են նաև ԵԱՀԿ֊ի որոշումներին։ Հիմնվելով 1994 Բուդապեշտյան գագթնաժողովի որոշման վրա, ԵԱՀԿ֊ն, բացի Հայաստանից և Ադրբեջանից, հակամարտության կողմ է ճանաչում նաև Լեռնային Ղարաբաղը (ինչն արտահայտված է հետևյալ հայտարարության մեջ. «Գործող նախագահողը վերահաստատում է ԵԱՀԿ֊ի նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այն է՝հակամարտության կողմերի՝երկու պետությունների և հակամարտության մեկ այլ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ Մինսկի Համաժողովը»։
Լեռնային Ղարաբաղի դերը՝ որպես զինադադարի համաձայնագրի կողմ ճանաչվել է նաև ԵԽԽՎ֊ի 1047 (1994) բանաձևում։ Նախագծի մեջ, սակայն, Վալթերը կեղծ պնդում է անում, հայտարարելով, իբր 1416 (2005) Բանաձևը և 1690 (2005) Առաջարկությունը «ԵԽԽՎ֊ի միակ փաստաթղթերն են, որ անդրադարնում են բացառապես ղարաբաղյան հակամարտությանը»։
Կարճ ասած, նման բանաձևրի ընդունումը միայն կնպաստի հայերի և ադրբեջանցիների միջև անվստահության աճին, ավելի անհաշտ դարձնելով նրանց դիրքորոշումները և ապակայունացնելով իրավիճակը մի տարածաշրջանում, որն արդեն տարածաշրջանային և համաշխարհային կայունությանն և անվտանգությանն սպառնացող պայթյունավտանգ զարգացումերի ներուժ ունի։ Հետևաբար, ես կոչ եմ անում ձեզ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որ այդ տեղեկությունները հասնեն Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ԵԼԴԱ կուսակցության ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն բանաձևերի քվեարկության ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը կանխելու մի քանի սցենար է մշակվել. ՀԺ
- Ամեն ինչ մեզանից կախված չէ. Բաբայանը` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քվեարկության մասին
- ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների հետ կապված աշխատանքներ կատարում են և՛ արտգործնախարարությունը, և՛ ԱԺ պատգամավորները. Շ. Քոչարյան
- Հակահայկական զեկույցները ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգից հանելու շանսեր կան. «Առավոտ»
- ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը վնասում են բանակցային գործընթացին. Խնդրագիր շրջանառվող բանաձևերի դեմ
- ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկումը պետք է վերածել հակաադրբեջանական քարոզչության շքերթի. քաղաքագետ
- Հայկական պատվիրակությունն ամեն ինչ անում է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու համար. Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան