Թվում էր, թե ճարտարապետության ասպարեզում որևէ նվաճում չպետք է ակնկալեինք. Սաշուր Քալաշյան
«Ճարտարապետությունն ազատ ստեղծագործություն չէ, այն կապված է երկրի տնտեսական իրավիճակից, իսկ մեր երկրի տնտեսական վիճակը բոլորիս ծանոթ է: Թվում էր, թե ճարտարապետության ասպարեզում որևէ նվաճում չպետք էր ակնկալել, բայց մենք 2015 թվականի պետական մրցանակի ներկայացնելու համար երկու կառույց ունեինք»,- նախագահական նստավայրում ՀՀ 2015 թ. պետական մրցանակների հանձնման արարաղության ժամանակ ասաց ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը:
Հանձնախմբի անդմաները պետք է ընտրեին՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի և Դիլիջանում միջազգային քոլեջի միջև: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պետական մրցանակի է ներկայացվել հենց կառավարական վարչական համալիրը:
Այսինքն, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:
Լրագրողների հետ զրույցում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ պետական կառույցների վրա շատ հստակ պետք է զգացվի տվյալ ժամանակի դրոշմները:
«Խորհրդային շրջանում կառուցված կառավարության առաջին շենքը՝ Հանրապետության հրապարակում, կառուցվել է մայթի վրա, չունի ցանկապատ, հողամաս: Երկրորդը կոմկուսի շենքն է՝ այժմ Ազգային ժողովի, որը կառուցվել է հետպատերազմյան տարիներին, որտեղ իդեոլոգիայի արտահայտություն կա՝ հսկա տարածք է զբաղեցնում, ունի պարիսպ, բլուրի վրա է՝ ժողովրդից հեռու և անմատչելի:
Այս շենքի դեպքում մենք ընտրեցինք առաջին տարբերակը՝ մայթի վրա, առանց պարիսպների ու հողամասի, բաց տարածական համակարգով, մեծ կամարով, որն ավելի շուտ հիշեցնում է հաղթակամար, ազատ տարածություններով, աշտարակների երկխոսությամբ: Գաղափարը՝ անկախության շեշտադրումն է»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատել են, որ լինի ժամանակակից կառույց՝ համահունչ հայկական ավանդույթներին, լեզվին, մտածելակերպին, համոզմունքներին, կառուցված է տեղական քարով:
Նշենք, որ որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով: Մրցանակը ստեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:
Նարեկ Սարգսյանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր՝ պետական մրցանակով սահմանված գումարը (1 մլն 667 հազար դրամ) կփոխանցի «Շիրակ» կենտրոն Հ/Կ-ին՝ որպես աջակցություն հասարակական կազմակերպության կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի»:
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա». Ծովից ծով» ֆիլմը՝ պետական մրցանակի դափնեկիր
- Վարդան Աճեմյանը «Հնչյունի թատրոն» ստեղծագործությունում արտացոլել է իր խոհափիլիսոփայական ըմբռնումները
- Ոչ մի դիվանագիտական կառույց չի կարող ներկայացնել իր ժողովրդին այնպես, ինչպես գիտությունը և մշակույթը. Հակոբ Մովսես
- Թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում 2015 թ. պետական մրցանակի դափնեկիրներ չկան
- Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է