Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:
Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կևորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) և Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ):
Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) և Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն)՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար:
Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին և Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար:
Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին:
Այս տարի մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2015թ. ՀՀ պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:
Պետական մրցանակները հանձնելուց հետո, Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան