Գերմանական ավելի քան 400 ընկերություններ լքել են Ռուսաստանը
2015թ.-ին Ռուսաստանում գերմանական կազմակերպությունները, ինչպես նաև նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները կրճատվել են 7 տոկոսով: Այս մասին հայտնում է «Դոյչե վելլե»-ն՝ հղում անելով ռուս-գերմանական արտաքին առևտրի պալատի տարածած հաղորդագրությանը:
Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության տվյալների համաձայն, 2014թ.-ին գրանցված գերմանական կազմակերպությունների թիվը Ռուսաստանում եղել է 6000, իսկ ահա 2015թ.-ին այդ թիվը նվազել է՝ դառնալով 5583, այսինքն` մոտ 400-ով պակաս:
Բացի այդ, եթե գերմանական մասնակցությամբ իրավաբանական անձանց թիվը կրճատվել է 4.6 տոկոսով, ապա նրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների թվի կրճատումը հասնում է 24 տոկոսի: Ռուս-գերմանական արտաքին առևտրի պալատի փորձագետները այս երևույթը բացատրում են ներկայացուցչությունների և մասնաճյուղերի վերագրանցման նոր կարգով, որն առաջացրել է գործընթացային լուրջ դժվարություններ և պատճառ դարձել անհիմն մերժումների:
Գերմանական ընկերությունների կրճատման գլխավոր պատճառների մեջ փորձագետները մատնանշում են Ռուսաստանի 2014-2015թթ. ռուբլու արժեզրկումը, ինչն էլ առաջացրել է ռուս սպառողների շրջանում գնողունակության նվազում: